«Սուխովի քաղաքացիական օդանավերը» (ՍՔՕ) Միջազգային կոմերցիոն արբիտրաժային դատարան հայց է ներկայացնում «Արմավիա» ավիաընկերության դեմ, gazeta.ru-ին հայտնել է ընկերության աղբյուրը:
Հայցում խոսքը SSJ-100 № 95007 (ավիաընկերության առաջին SSJ-100-ը) օդանավի վերաբերյալ պայմանագրային պարտավորությունների պարտադիր կատարման մասին է, ինչպես նաեւ առաքման պայմանագրի խզման հետ կապված վնասների հատուցման: «Հայցը ներկայացվելու է առաջիկա օրերին: Հայցապահանջի գումարը 1,385 միլիոն դոլար է»,- ճշտել է աղբյուրը:
Հայկական ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերության պարտքն ըստ 2012թ. դեկտեմբերի 31-ի տվյալների` կազմել է 540,708 միլիոն ռուբլի (17,376 միլիոն դոլար), ասվում է ՍՔՕ-ի 2012թ. հաշվապահական հաշվետվությունում: Պարտքն առաջացել էր 2011թ. № 95007 օդանավի իրացման համար:
Ըստ պայմանագրի` օդանավը գրավի տակ էր ՍՔՕ-ում՝ մինչեւ «Արմավիա» ավիաընկերության կողմից գումարի ամբողջական վճարումը: Առաքումից հետո փոխադրողը չի կարողացել ամբողջովին վճարել օդանվի արժեքը եւ վճռել է վերադարձնել այն ՍՔՕ-ին: Ընկերությունը լրացուցիչ պայմանագիր է կնքել պայմանագրի լուծման մասին, ՍՔՕ-ն հետ է ստացել օդանավը, այն ֆիզիկապես ընկերության մոտ է, սակայն «Արմավիան» հասցրել է այն գրավ դնել երրորդ կողմի մոտ, ասվում է ՍՔՕ-ի հաշվետվությունում:
ՍՔՕ-ն որոշել է դիմել արբիտրաժային դատարան: «Սակայն, հաշվի առնելով «Արմավիա» ավիաընկերության ֆինանսական դրությունը եւ նրա սնանկացման բարձր հավանականությունը, վերոնշյալ ակտիվի իրացման հարցում լրացուցիչ անորոշություն է առաջանում, - ասվում է ՍՔՕ-ի փաստաթղթերում, - քանի որ սնանկացման հնարավոր գործընթացների ժամանակ Հայաստանի դատարանները կարող են կալանք սահմանել օդանավի նկատմամբ…»: Հիշեցնենք, որ «Արմավիա» ավիաընկերությունն ապրիլի 1-ից դադարեցրել է թռիչքները:




























