Բոլորս այդ օրն ականատես եղանք գործող համակարգի հերթական զոհին, մեր մարտական ընկերոջ Հրաչ Մուրադյանի մահվանը: Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին,  լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանն՝ անդրադառնալով Պռոշյանի գյուղապետ, ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադյանի սպանությանը:

«Պատահական չէ, որ ես կատարվածը գնահատում եմ համակարգի զոհ, որովհետեւ անցած տարիներին  մենք, տեղյակ լինելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցուդարձերին, որտեղ Հրաչը երրրոդ անգամ է  ընտրվել, մենք տեղյակ ենք եղել, որ բոլոր ընտրությունները անցել են լարումներով, որովհետեւ մեր երկրում ընտրությունները ավելի շատ նման են իշխանությունների կողմից պատրաստվող ռազմական օպերացիաների:  Այդ պատճառով է, որ առանց լարումի հնարավոր չի անցնեն, այն դեպքերում, երբ հայտնվում են հազվադեպ մարդիկ, ովքեր ունենում են համարձակություն այս համակարգի մեջ մտնելու եւ իրենց ինքնուրույնությունը պահպանելու նպատակով: Կարեւոր պատճառը, որ Հրաչը չկա, դա է»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը: Նա նշեց, որ լարումները պարբերաբար ուղեկցվել են քաշքշուկներով, կրակոցներով, որին տեղյակ են եղել իրավապահ մարմինները, սակայն, զարմանալին այն է, որ շատերը ենթադրել են, որ կրակողները եղել են կոնկրետ շրջանակից, նրանք բացահայտ զենք են կրել, սակայն չգիտես ինչու ոչ մեկը պատիժ չի կրել:  Սա, նրա խոսքով, ապացուցում է, որ իրավապահ մարմինները իրենց դերի մեջ չեն:

Նա հույս հայտնեց, որ հնարավորինս շուտ կբացահայտվեն սպանության կազմակերպիչները, եւ  նշեց, որ Հրաչ Մուրադյանի սպանությունը պետք է  որ պրոֆեսիոնալի ձեռքի գործ եղած լինի:

«Ես չեմ բացառում Հրաչի նկատմամբ կատարվածը մեր ստեղծված իրավիճակին ազդելու, տարբեր ուղղություններով ուղղորդելու փորձ է, որից, բնականաբար, ոչ ի օգուտ հայ ժողովրդի: Գործող համակարգը կորցնում է հսկողությունը, թեեւ քայլեր են ձեռնարկում ուժեղացնելու այն, բայց համապատասխան արդյունք չեն տալիս»,- նշեց նա՝ չբացառելով գյուղապետի սպանության գործում արտաքին ուժերի գործոնը, մասնավորապես՝ տարածաշրջանում շահեր, հետաքրքրություններ ունեցող երկրները: