Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիրթաշը Nuce Tv հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, թե Օջալանը ուղերձներ է հղել նաեւ ալեւիներին, ասորիներին եւ հայերին։
Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ՝ Սելահաթին Դեմիրթաշը, անդրադառնալով հայերին եւ ասորիներին ուղղված Աբդուլլահ Օջալանի ուղերձին, նշել է, թե այսուհետ անընդունելի է լինելու հայ եւ ասորի ժողովրդի իրավունքների եւ ազատությունների գեթ մի չնչին սահմանափակումը։ «Եւ առանց հայերի, ասորիների եւ ալեւիների ժողովրդավարական դաշինք չի կարող լինել»,-մեջբերել է Օջալանի խոսքերը Սելահաթին Դեմիրթաշը։
Նշենք, որ մարտի 21-ին, Դիարբեքիրում Նովրուզի տոնակատարության ժամանակ կարդացվել էր Իմրալը կղզու բանտում ցմահ ազատազրկման դատապարտված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձը։ Ուղերձում ոչինչ չկար ալեւիների, ասորիների եւ հայերի մասին, ինչը ալեւիների շրջանում դժգոհություն էր առաջացրել։
Հիշեցնենք, որ Օջալանի ուղերձում PKK-ին կոչ էր արվել վայր դնել զենքերը, քանի որ եկել է խաղաղության ժամանակաշրջանը։




























