Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելն անիմաստ ենք համարում: Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:
Նա նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանին եւս հորդորել են, որ ինքը եւ թիմը չմասնակցեն, քանի որ նրա չմասնակցելով, բայց թիմի մասնակցելով չեն խուսափելու սպասվող ջախջախիչ պարտության վերապրումից: «Մենք կանխատեսում ենք, որ արդյունքը բացասական է լինելու, ժողովուրդն ընդդիմության ղեկավարությանը կամ Րաֆֆի Հովհաննիսյանին պատգամ չի ուղարկել ասելով, որ պետք է շարունակենք մասնակցել այնպիսի պրոցեսների, որոնց տերն ու տիրակալը գործող բռնատիրական համակարգն է, ժողովրդի պատգամը մեկն է եղել, թե ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է վավերացնի իր ընտրվելը: Այսօր կարող է Րաֆֆին ասել, որ նախագահ ինքն է ընտրվել, սակայն դա վավերացնելու խնդիր ունի, վավերացնել ժողովրդի եւ Սահմանադրության միջոցով»,- ասաց նա:
Ժիրայր Սեֆիլյանը վստահ է, որ մասնակցելով մայիսհինգյան ընտրություններին, դրանով կմիայն վնաս են բերելու նոր ձեւավորված շարժմանը: Նա նշեց, որ տեսնում են, թե ինչպես են պատրաստվում իշխանությունները, հայտնի ուժեր, որոնք նախագահական ընտրություններին չէին մասնակցում դիկտատորի հրահանգով, այժմ նույն հրահանգով նորից եկել են մասնակցելու. «Սերժ Սարգսյանն ուզում է ապացուցել, որ այդ կես միլիոնից ավելի ձայնը Րաֆֆիինը չէ, ԲՀԿ-ինն է եւ մնացած ուժերինը»,- ասաց նա՝ շեշտելով, որ գլխավոր միտումը Րաֆֆի Հովհաննիսյանին իրենց ճահիճը ներքաշելն է:
Նա ապրիլի 9-ը բեկումնային է համարում՝ հավելելով, որ ճիշտ կլիներ հարթակում կանգնած մարդիկ չմասնակցեին ռեժիմի կողմից հսկվող որեւէ պրոցեսին:




























