Ադրբեջանական Գաբալայում ռադիոտեղորոշիչ կայանի փակումը չի ազդի Ռուսաստանի ռազմական անվտանգության վրա, լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Եթե փոքր-ինչ կասկածեինք, որ Գաբալայի փակումը կբերի ՌԴ անվտանգության թուլացման, իհարկե, կպայմանավորվեինք Բաքվի մեր բարեկամների հետ` վարձակալությունը շարունակելու մասին: Բայց այսօրվա դրությամբ կարող եմ հստակ հայտարարել, որ Գաբալայի փակումը չի ազդի»,- ասել է Անտոնովը: Նա հավելել է, թե Ռուսաստանն իսկապես Ադրբեջանից դուրս է բերում գույքը եւ  անձնակազմը: «Մենք սերտորեն աշխատում ենք մեր ադրբեջանցի բարեկամների հետ, որեւէ  խնդիր չի ծագել»,- նշել է նա:

Նա նաեւ նշել է, թե զինվորականները խնդիր չեն ունենա: «Յուրաքանչյուրի համար նախատեսված է կոնկրետ աշխատանք, կոնկրետ բնակարան, եւ չի կրկնվի այն իրավիճակը, որ հայտնի է մեզ ԽՍՀմ փլուզումից հետո»,- ասել է Անտոնովը: Նա նշել է, թե տարածքը, որ ծածկում էր Գաբալայի ՌՏԿ-ն, այժմ փակում է Արմավիրի (Կրասնոդարի մարզ) կայանը: