Ստեղծված իրավիճակը սարդարապատային է,  այս հանգամանքը պետք է  գիտակցենք բոլորս, մանավանադ այն մարդիկ, ովքեր այսօր փորձում են տեր կանգնել երկրին: Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին,  լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:

Նրա խոսքով՝  եթե այսօր մենք ուժ չգտնենք վեր կանգնելու կուսակցական շահերից, տանուլ կտանք: «Իրավիճակից մեզ հնարավոր կլինի դուրս գալ միայն ու միայն համայն հայության ուժերի մեկտեղումով, այս իմաստով եւս սարդարապատային է»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Նա նշեց, որ իրենք հստակ ծրագիր ունեն, թե ինչ պետք է արվի եւ դա ներկայացրել են նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանին:

Նրա խոսքով՝  Հայաստանում միշտ ընդդիմության ոչ էֆեկտիվ քայլերի արդյունքում իրավիճակը հայտնվել է փակուղում, ամեն հինգ տարին մեկ ժողովուրդը մոբիլիզանում է նախագահական ընտրությունների ժամանակ, որովհետեւ գիտակցում է, որ պետական համակարգ ձեւավորված չէ, եւ ամեն ինչ կախված  է մեկ մարդուց. «Դժբախտաբար, մինչ օրս բոլոր ընդդիմադիր ուժերը գործել են միանման, հույսեր փայփայելով Սահմանադրական դատարանից, բացասական պատասխան ստանալուց հետո փորձել են ժողովրդի ընդդմությունն արտահայտել փողոցում, առանց կազմակերպելու եւ վերջում չեն կարողացել խուսափել բախումներից:  Մարտի մեկի փորձը ունենալուց հետո նույն ճանապարհով գնալը անխոհեմություն է»,- նշեց նա: Ժիրայր Սեֆիլյանը՝ հավելելով, որ փոխանակ հերթական անգամ դեպի փակուղի տանելու այս ամբողջ էներգիան, պետք է դուրս գալ այդ փակուղուց, արհամարհել ռեժիմի կողմից պարտադրված կանոնները եւ օր առաջ լծվել զուգահեռ իշխանություն ձեւավորելու գործին:

Նա իրենց առաջարկած  ծրագիրը սկսելու հարմար պահը համարում է ապրիլի 9-ը: «Այդ օրը պետք է լինի զուգահեռ իշխանություններ ձեւավորելու սկիզբը, ինքնակազմակերպման սկիզբը, ինչքան շատ լինի ներկայություն, այնքան ընդհանուր գործը կհեշտանա»,-ասա նա՝ կոչ անելով չնստել տեղերում, այլ ներկա լինել Ազատության հրապարկում:

«Սկսվել է նոր ազատագրական  պայքար, ոչ թե Արցախը միավորելու գաղափարով, այլ հայկական պետություն ստեղծելու գաղափարով, ավարտը լինելու է հաղթանակ»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը: Նա նշեց, որ պետք չէ նայել Ազատության հրապարակում հավաքվածների թվին, դա չէ ցույց տալիս ժողովրդի պատրաստակամությունը եւ վիճակը, իրականում ժողովրդի մեծ մասը պատրաստ է ամեն ինչի, եթե հստակ տեսնի պայքարի հեռանկարը: