Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկությունների գլխավոր նպատակը իշխանության ընդունում, հանձնումը հնարավորինս փափուկ կերպով անելն է: Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:
Սակայն նա անիմաստ է համարում Րաֆֆի Հովհաննիսյանի բանակցությունները Սերժ Սարգսյանի հետ, «որովհետեւ դիկտատորների հետ այդ ձեւով չեն խոսում, չեն փորձում համոզել, որ պետք է հեռանաս, նրանց պարտադրում են, որ պետք է հեռանաս»:
Սեֆիլյանը երկխոսությունը անիմաստ է համարում եւ վնասակար շարժման համար, քանի որ «ժողովրդի զգալի մասի մոտ իշխանություն հասկացությունը խիստ բացասական է, ուստի որեւէ շփում, եթե լինում է հրապարակային, վնաս է շարժմանը»: «Որեւէ հույսեր փայփայել այս երկխոսությունից, իմաստ չեմ տեսնում: Իմատս չունի հայտնի գծով Սերժ Սարգսյանի հետ որեւէ բանակցության մեջ մտնել: Բայց Րաֆֆին լինելով մեծահոգի, նա շատ ավելի խոսում է որպես սրտացավ հայ մարդ: Րաֆֆիի այս մարտավարությունը, որ փորձում է կիրառել ռեժիմի նկատմամբ, չեմ ընդունում, բայց պետք է հարգել, որովհետեւ նրա միտումը շատ բարի է»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը: Նա շեշտեց, որ այսպես երկար չի կարող շարունակվել, ապրիլի 9-ին պետք է վերջակետ դրվի, այդ օրվանից հետո այդ մարտավարությունը չի պատկերացնում:
Ժիրայր Սեֆիլյանը վստահ է, որ գործող համակարգն ինքնափլուման ընթացքի մեջ է, անկախ իրենցից, մեզնից. «Մեր գործը ոչ թե մտածել, թե ինչպես ենք փլելու, այլ թե ինչպես ենք այս փլվող համակարգին զուգահեռ համակարգ ձեւավորելու, զուգահեռ իշխանության ստեղծման կարեւագույն խնդիրը հենց սա է: Եթե չհաջողվի զուգահեռ համակարգ ձեւավորել, կմնանք փլատակների տակ»,- ասաց նա:
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի ղեկավարը նաեւ նշեց, որ իմաստ չկա պայքարել համակարգի մեջ գտնվելով, արդյունքի հասնելու համար օր առաջ պետք է սկսել համակարգից դուրս քայլեր կատարել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























