Կուսակցությունների եւ ցուցակները գլխավորող անձանց համար կարեւոր է` կմասնակցեն արդյոք Երեւանի ավագանու ընտրություններին որոշակի քաղաքական նախապատվություններ ունեցող մարդիկ: Այդ մասին ապրիլի 5-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Հարցվածների 45,5 տոկոսը մայրաքաղաքում պատասխանել են, որ կգնան ընտրությունները, 8,5 տոկոսը` հավանաբար կգնան, 9 տոկոսը դեռ չի որոշել, իսկ 33 տոկոսը հաստատապես չի գնալու ընտրությունների»,- հայտնել է սոցիոլոգը՝ հավելելով, թե այդ կապակցությամբ կարելի է ակնկալել 63 տոկոս մասնակցություն: Նա, միաժամանակ նշել է, թե նրանց թվից, ովքեր դեռ չեն որոշել, մի մասը չի մասնակցի ընտրություններին: «Հետեւաբար կարելի է ակնկալել, որ ընտրողների միայն 54,3 տոկոսը կմասնակցի ավագանու ընտրություններին»,- ասել է Ահարոն Ադիբեկյանը:

Նա նշել է, որ 54,3 տոկոսը կազմում է 435 հազար մարդ, իսկ 6 տոկոսանոց արգելքը հաղթահարելու համար կուսակցություններին հարկավոր է հավաքել միայն 26 հազար, դաշինքներին` 8 տոկոսի արգելքը հաղթահարելու 35 հազար ձայն, իսկ հաղթական 40 տոկոսի համար հարավոր է 175 հազար ձայն: «Սակայն եթե զանգվածային լցոնումներ լինեն, թիվը կարող է արհեստական կերպով ուռճացվել, հետեւաբար 26 հազարը քիչ կլինի: Ուստի շտաբերը պետք է հաշվի առնեն ռիսկերը»«- նշել է Սոցիոլոգը:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am