Պռոշյանի գյուղապետ, ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադյանը «հայտնի կլանի» զոհ է դարձել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 5-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
Նա չբացեց փակագծերը եւ չնշեց, թե կոնկրետ որ կլանի մասին է խոսում, խորհուրդ տալով լրագրողներին դիմել, օրինակ, րթուր Բաղդասարյանին, Արտաշես Գեղամյանին, Հայկ Բաբուխանյանին, Վիկտոր Դալլաքյանին, «ովքեր ժամանակին մեղադրում էին մեզ բոլորիս հայտնի մարդուն սերիական սպանություններ կազմակերպելու մեջ»:
Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ «գաղջ» մթնոլորտը, որի մասին խոսել է Սերժ Սարգսյանը, ստեղծել են ոչ թե լրագրողները, այլ այն, որ մինչ օրս 2008-ի մարտի 1-ի ողբերգությունը բացահայտված չէ: «Այսօր քաղաքական ուժերը «իբր ոչինչ չի եղել», պատրաստվում են Երեւանի ավագանու ընտրություններին»,-ասաց քաղաքագետն ու հավելեց. «Եվ այդ ամենից հետո, երեւանցին պետք է գնա եւ իր ձայնը տա, այն դեպքում, երբ 2008-ին 10 երեւանցիներ սպանվել են քաղաքի կենտրոնում եւ ոչ մի մեղավոր պատասխանատվության չի կանչվել»:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























