Փորձնական ծրագրի շրջանակներում գործարկվել է Մասիսի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը, իսկ ապրիլի 15-ից նման կենտրոններ կգործարկվեն Վեդիում եւ Արարատում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր` ապրիլի 5-ին, այդ կենտրոններ այցելած լրագրողներին ասաց, որ մինչեւ տարեվերջ կստեղծվեն 19 կենտրոններ հանրապետության տարբեր մարզերում:
Կենտրոններում համախմբվում են 4 կարեւոր ծառայություններ` սոցիալական նպաստ, կենսաթոշակային ծառայություն, զբաղվածության ծառայություն եւ բժշկական փորձքննություն: Այսպիսով` որեւէ սոցիալական հարցով քաղաքացին դիմում է միայն մեկ տեղ, ազատվում տեղեկանքներ բերելու անհրաժեշտությունից: Կենտրոններն ունեն միասնական տեղեկատվական բազա, որի շնորհիվ ցանկացած քաղաքացու վերաբերյալ տեղեկատվությունը ստացվում ու մշակվում է հաշված րոպեների ընթացքում:
Սակայն լրագրողներին զարմացրեց այն հանգամանքը, որ կենտրոնների աշխատակիցները ցածր աշխատավարձեր են ստանում: Ըստ Մասիսի կենտրոնի համակարգող Վարդան Հովսեփյանի` կրտսեր մասնագետը ամսական ստանում է 42-50 հազ. դրամ, ավագ մասնագետը` 70 հազ. դրամ: Թե ինչպես կարելի է նման աշխատավարձով վերացնել կոռուպցիոն ռիսկերը, պարզ չէ: Ավելին, ըստ Վ. Հովսեփյանի, կենտրոնի մի շարք նախկին աշխատակիցներ արդեն հեռացել են: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը նշեց, որ աշխատավարձերի վերաբերյալ առաջարկություն ներկայացրել են կառավարությանը, բացի այդ` հարց է բարձրացվել փոխհատուցել սոցիալական աշխատողների տրանսպորտային եւ այլ ծախսերը:
Մասիսի եւ Արարատի կենտրոններում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ նախարարի ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ պետք է աշխատակիցներին վերապատրաստման ուղարկել` աշխատավարձի հետագա հավելավճարով:




























