Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը կերդվի Արտաշես Գեղամյանի, Արթուր Բաղդասարյանի, Վիկտոր Դալլաքյանի առջեւ, որոնք ժամանակին մեղադրում էին նրան «հոկտեմբերի 27»-ը կազմակերպելու եւ բազմաթիվ այլ սպանությունների մեջ: Այդ մասին այսօր` ապրիլի 5-ի մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կերդվի ժողովրդի առջեւ:
Իր հերթին մամուլի ասուլիսի մեկ այլ մասնակից՝ Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նշել է, որ ապրիլի 9-ը համընդհանուր տոն է: «Մեր նախագահի երդմնակալությունն է: Րաֆֆի Հովհաննիսյանը ցույց տվեց, որ ինքը ոչ մի ծրագիր չունի», - նշել է պատգամավորը:
Հմայակ Հովհաննիսյանըշտապել է վստահեցնել, որ «դա ոչ թէ Րաֆֆին, այլ հասարակությունն է արտահայտում իր դժգոհությունն իշխանությունների նկատմամբ»: «Մայիսի 5-ին կայանալիք մայրաքաղաքային ընտրությունները խաչընդոտում են Րաֆֆի Հովհաննիսյանի ազատ գործելուն», - ասել է Հմայակ Հովհաննիսյանը եւ հավելել, որ եթե «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը հրաժարվի իշխանությունների հետ բանակցությունից, ապա «Բարգավաճ Հայաստանը» հնարավորություն կստանա ընտրազանգվածի մի մասին իր կողմը գրավելու:




























