Ապրիլի 3-ի երեկոյան 22.00-ի սահմաններում Դվին գյուղում հորեղբորն սպանած երիտասարդը կալանավորվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանությունը), իսկ որպես խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանքը: Այս արարքը  պատժվում է ազատազրկմամբ` 8-15 տարի ժամկետով:

Ոստիկանությունից հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 3-ին սպանություն է տեղի ունեցել Դվին գյուղում: Այդ գյուղի բնակիչ Րաֆֆի Խաչատրյանը սպանել է հորեղբորը: Հորեղբարը 42 տարեկան Արտուշ Խաչատրյան էր, իսկ նրան դանակահարող եղբոր որդին` 19 տարեկան Րաֆֆի Խաչատրյանը, վերջինս սովորում է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում:

Նրա հայրը մահացել է բանակում, երբ վերջինս ընդամենը 4 տարեկան էր: Երիտասարդը ապրում է մոր հետ, ով ուսուցչուհի է: Նա տան միակ արու զավակն է քույրը ամուսնացած է: Համագյուղացիները մեզ պատմեցին, որ նրա հորեղբայրը ամուսնացած է, ունի երեխաներ, տեւական ժամանակ Երեւանում էր բնակվում, իսկ եղբոր ընտանիքը` գյուղում: Գյուղացիները պատմել են, որ նրանց միջեւ պարբերաբար վիճաբանություններ էին լինում հայրական տան հետ կապված, հորեղբայրը ամեն կերպ ցանկանում էր վերցնել տունը ընտանիքի ձեռքից եւ պարբերաբար այդ խնդիրը լուծելու համար այցելում էր գյուղ: Միջադեպի ժամանակ նրանք տանը երկուսով են եղել, վիճել են եւ երիտասարդը այն աստիճանի է հունից դուրս եկել, որ դանակի վեց հարված է հասցրել փորի, մեկ հարված` պարանոցի շրջանում: Մահացած հորեղբոր ձեռքին էլ գարեջրի ջարդած շիշ կար, չի բացառվում է, որ հնարավոր է` վերջինս ցանկացել է շշով հարվածել եղբորորդուն, բայց չի հասցրել: Հորեղբորը սպանելուց հետո երիտասարդը զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել իր արածի մասին: Դրանից հետո նա նստել է իրենց տան դռանը` սպասելով, թե ոստիկանները երբ կգան: Մայրը ավելի ուշ է իմացել դեպքի մասին, եւ ուշագնաց վիճակում էր: