Տանը բացելով խանութից գնված մետաքսե վերնաշապիկի փաթեթը, մենք ամենեւին չենք ակնկալում դրա փոխարեն զինվորական համազգեստ գտնել: Գրեթե նմանատիպ դեպք է արձանագրվել երկու սպառողների հետ. նրանց խոսքով` բանակի համար նախատեսված հավկիթները հայտնաբերվել են հավկիթների 10 հատանոց փաթեթում, որը գնել են երեւանյան խանութներից մեկում:

Հավկիթների հետ կապված տարբերությունը մեծ չէ. ընդամենը երկու տառ` «ՊՆ» (Պաշտպանության նախարարություն): Սպառողներից երկուսը նկատել են այդ հապավումը եւ բանակի համար պատվերի նկատմամբ անփութության բողոքով դիմել «168 ժամ» թերթի խմբագրությանը:

Պաշտպանության նախարարությանը հավկիթ է մատակարարում «Աշտարակ ձու» ԲԲ ընկերությունը, բանակի համար գնվում է հավկիթի ոչ թե 10, այլ  6 հատանոց տուփ, ինչպես նշված է համապատասխան համաձայնագրում: Բացի այդ, փաթեթի վրայի պիտակը ոչ թե սպիտակ-կապույտ է, այլ սեւ-սպիտակ:

Ենթադրություններ չշտապենք անել, թե դրանք ինչպես են հայտնվել խանութում, հատկապես, որ չապացուցված մեղադրանքներ ներկայացնելու իրավունք չունենք: Կարող ենք միայն վարկածներ առաջ քաշել:

Դրանցից մեկը կարող է լինել զորամասերի պաշարից հավկիթներ վերցնելը: Կարելի է նաեւ այլ կերպ անվանել` «հավկիթների լվացում»:

«Վարկածները շատ են, ուստի առանց հիմքերի որեւէ մեկին մեղադրել չենք ցանկանում»,-մեզ հետ զրույցում ասաց թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչ Մանասե Եփրեմյանը: «Եւս մեկ վարկած կարող է լինել կանխամտածված սադրանքը` մեր ընկերությասն հեղինակության վրա ազդելու նպատակով: Սակայն այդ վարկածը մենք չենք պնդում: Պատճառը կարող է նաեւ մեզնից լինել. օրինակ, մարդկային  գործոնով պայմանավորված` հավկիթի վրա դաջման սարքի հետ կապված»,-ասաց նա:

Սակայն մենք ոչ մեկին իրավունք չունենք մեղադրելու.  պատճառները կճշտվեն, արդեն պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն աշխատում են այդ ուղղությամբ: Առավել եւս, որ հնարավոր են այլ վարկածներ եւս:

Ամեն ինչ կպարզի քննությունը:

Արամ Գարեգինյան