«Քարֆուր»-ի մուտքը Հայաստան ուղղված է ոչ թե անձի դեմ, այլ՝ հայաստանյան շուկան ազատականացնելուն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ բոլոր գործարարները, ովքեր ցանկանում են, որ իսկապես Հայաստանում լինի ազատականացված տնտեսություն, քաղաքակիրթ մրցակցություն, նրանք շատ ուրախ պետք է լինեն, որ «Քարֆուրը» մուտք գործի Հայաստան:

«Իմ հայտարարությունը բացառապես անձնավորված միտում չունի, դրա նպատակը նաեւ բարի լուրի ավետումն էր, որովհետեւ ես հանդիպել եմ  նրանց ներկայացուցիչների հետ: Նրանք ունեն վճռականություն մենք էլ որպես իշխանություն, պետք է հնարավորինս անենք, որ  «Քարֆուրն» անվտանգ եւ ապահով մուտք գործի հայաստանյան շուկա:

Հարցին, թե մինչեւ այդ Սամվել Ալեքսանյանի հետ հանդիպել զրուցե՞լ է եւ նա ինչպես է արձագանքել դրան, Արթուր Բաղդասարյանն արձագանքեց. «Ոչ չեմ հանդիպել եւ չեմ խոսել: Տվյալ դեպքում ես չեմ կարծում, որ պետք է ինչ-որ մարդկանց հետ հանդիպել խոսել: Այսինքն` դա պայմանավորված չէ, որեւէ մեկի հետ»:

Խոսելով իր եւ Սամվել Ալեքսանյանի հարաբերությունների մասին, նա ասաց. «Մեր հարաբերությունները շատ կոնստրուկտիվ են: Ես նրան ճանաչում եմ վաղուց: Պատգամավորներ ենք եղել: Ես ԱԺ նախագահ եմ եղել, ինքը՝ ԱԺ պատգամավոր, բայց անձնական ընկերական հարաբերություններ չունենք: Ուղղակի իրար ճանաչում ենք»:

Ավելի վաղ` Արթուր Բաղդասարյանն ասուլիսում նշել էր, որ «Քարֆուրն» անպայման պետք է մուտք գործի հայաստանյան շուկա եւ դա երկու կարեւոր նշանկություն ունի: «Մեր ապրանք իրացնողները կարող են իրացնել իրենց ապրանքները խոշորագույն ցանցերից մեկում եւ կարող են դուրս գալ միջազգային շուկաներ: Բացի այդ, «Քարֆուրի» մուտքը Հայաստան նշանակում է տնտեսության ազատականացում: Նշանակում է մենաշնորհային դիրք ունեցող սուբյեկտների մրցակցային դիրքերի թուլացում եւ Հայաստանի շուկայում ազատ մրցակցություն: Ես հանդիպել եմ նրանց ներկայացուցիչների հետ, հայտնել իմ աջակցությունը: Արդեն կա ճանպարհային քարտեզ եւ հույս ունեմ, որ այս տարվա ընթացքում «Քարֆուրը» մուտք կգործի հայաստանյան շուկա»,- ասել էր Արթուր Բաղդասարյանը: