Մեզ սվիններով դիմավորեցին, թե ինչպես կարելի է համագործակցել ԲՀԿ-ի հետ, բայց ինչ վատ բան կար դրա մեջ, որ մենք այսօր պոկեցինք մեկին ավազակապետական իշխանություններից, վաղը՝ մյուսին: Այսօր՝ ապրիլի 13-ին, ՀԱԿ համագումարում ասել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
«Եթե այսօր խոշոր բուրժուզիան եւ իշխանությունը սերտաճած են, մենք որեւէ զարգացման չենք կարող հասնել, նույն կերպ էլ տեղի ունեցավ գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ: 2008թ Խաչատուր Սուքիաայանը ո՞վ էր, այդ խոշոր բուրժուազիայի մի մասն էր, բայց այդ մարդը հասկացավ, եկավ բացահայտ միացավ մեր շարժմանը, ոչինչ չստացավ: Իշխանությունները առաջին հարվածը հասցրին նրան, հասկացան՝ որտեղ է վտանգը եւ ամենադաժան հարվածը հասցրին Խաչատուր Սուքիասյանին, պարզապես սնանկացրին այդ մարդուն, իհարկե կանեին, որովհետեւ նա մենակ էր, իսկ եթե այդպիսիք լինեին մի քանիսը, իշխանությունը անզոր կլիներ:
Նույն ճանապարհն է ընտրել Գագիկ Ծառուկյանը, որը փորձում է պոկվել իշխանություններից, նրա բոլոր քայլերը դա են ցույց տալիս, դուրս եկավ կոալիցիայից, նախագահական ընտրություներին չսատարեց Սերժ Սարգսյանին, խորհրդարանականին առանձին մասնակցեց, չմասնակցեց Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, իսկ այսօր էլ պատրաստ է ավագանու ընտրություններում ճակատ տալ: Ինչպե՞ս կարելի է վանել մեկին, որը պայքարում է այդ չարիքի դեմ: Ես չեմ բացառում, որ առաջիկա ավագանու ընտրություններում լուրջ հարված ստանալու է հենց ԲՀԿ-ն, որովհետեւ Սերժը զգում է այդ վտանգը, թույլ չեն տալու ունենալ այն հաջողությունը, որը ունեցավ խորհրդարանական ընտրություններում, որովհետեւ այս օրինակը խիստ վարակիչ կարող է լինել»,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Նա կանխատեսեց, որ Սերժ Սարգսյանի վերաբերմունքը կփոխվի նաեւ «Ժառանգության» նկատմամբ: «Չկարծեք, թե թույլ են տալու ստանալ այն տոկոսները, ինչ նախագահականին, Սերժը Սարգսյանը հիշաչար է եւ չի ներելու ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանին, այնպես էլ Գագիկ Ծառուկյանին իր երկու տարվա անկախ կուսակցական քայլերի համար, եւ թույլ չի տալու, որ նա ավելի ամրապնդի եւ լուրջ քաղաքական գործոն դառնա»,- ասաց նա:
Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքով՝ «թվում էր, թե Րաֆֆին դառնա ընդդիմության առաջնորդը եւ փողոցը կվերցներ իր հսկսղության տակ, բայց Սերժ Սարգսյանը չի ներելու այդ 37տոկոսը, պետք է փորձի այս ընտրություններով Րաֆֆին ցուցյ տալ ուրիշ տոկոս, որ ասի` այ, սա է քո տոկոսը»:











