Միայն թույլ մարդը կարող է քննադատել, իսկ ուժեղ մարդը նաեւ պետք է լավը տեսնի: Այս մասին այսօր` ապրիլի 16-ին, Քանաքեռ-Զեյթունի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ ղեկավար, ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը՝ հավելելով, որ իրենք ուրիշի կատարած լավը տեսնում են, բայց ասում են, որ իրենք ավելի լավ կարող են անել:

«Ես առաջարկում եմ աշխատանք: Եկեք աշխատենք միասին, եթե մարդ աշխատանք չունեցավ, իհարկե, արտագաղթն աճելու է եւ մեր երիտասարդությունը գնալու է ուրիշ երկրներ, որ մի երկու կոպեկ փող աշխատի իր ընտանիքը պահի: Տղամարդը, եթե տեսավ իր ընտանիքը սոված է, ինչեր ասես չի անի: Կամ հանցագործություն պետք է անի, որը նորմալ մարդը չի անի, կամ ծայրահեղ աշխատանքի դիմի, որոնցից մեկն էլ արտագնա աշխատանքի մեկնելն է: Իսկ եթե աշխատատեղ ստեղծեցինք, ո՞ր մի ծնողը թույլ կտա իր երեխան գնա: Ո՞ր մի տղան իր սիրած աղջկան կթողնի, որ գնա մի երկու կոպեկ փող աշխատի գա հարսանիք անի կամ տուն վերցնի»,- նկատեց Արմեն Երիցյանը եւ ավելացրեց, որ հերիք է միայն հարուստների համար շենքեր կառուցեն, մի քիչ էլ թող «քյասիբների» համար կառուցեն:

Արմեն Երիցյանն ասաց, որ եթե չգործենք, մեր երկիրն ենք մեր ձեռքից կորցնելու: «Այսօր միտինգներ ենք տեսնում, տարբեր կուսակցություններ տարբեր ձայներ են հավաքում: Դա նրանից չէ, որ մեկին շատ են սիրում, որ ձայն են տալիս: Դա նրանից է, որ մեզ չեն սիրում: Նույնն էլ ես եմ, կառավարության անդամ` ինձ էլ չեն սիրում: Պատճառը մենք՝ ղեկավարներս, մեր մեջ պետք է փնտրենք: Եվ եթե գտանք, կնշանակի, որ ամեն ինչ լավ է լինելու»,-ասաց նա:

Արմեն Երիցյանը միաժամանակ չխոստացավ, որ ընտրվելու դեպքում գնալու է եւ ամեն ինչ անելու է ինչպես ԱԻՆ-ում. «Չէ ժողովուրդ ջան ես հլը մի երկու երեք ամիս պետք է սովորեմ, ինչպես ԱԻՆ-ում գիշերները չէի քնում կարդում էի, որ առավոտը կարողանայի խորհրդակցություն անցկացնել: Նույնն էլ քաղաքապետարանն է: Բայց, երեք ամիս հետո, երբ սովորեցի, արդեն մյուսների գլուխն է ցավալու, որովհետեւ ես որ իմացա, դա արդեն պրոբլեմ է լինելու մյուսի համար, ոչ չգիտի: Իսկ ես շատ կարճ ժամանակում եմ կարողանում սովորել, ընկալել եւ պահանջել: Եթե եղավ մարդ, որ ընդհանրապես չաշխատեց, իհարկե, կարելի է ռադ անել, ասել «Գնա, տղա ջան, այնքան մարդ կա, որ կարող է գալ եւ քո տեղը աշխատել»: Արմեն Երիցյանը նաեւ ատում է այն մարդկանց, ովքեր սուտ են խոսում, այն էլ տղամարդը: «Եթե տղամարդու բերանից մի խոսք եղավ եւ չարեց, ուրեմն ինքը տղամարդ չէ»,- նշեց Արմեն Երիցյանն ու ավելացրեց, որ իրենք անելու են ավելին`արտագաղթը դարձնելու են զրոյական, ոչ թե Հայաստանից գնալու են, այլ գալու են Հայաստան աշխատանք գտնելու: