«Յուրաքանչյուր տարի ես մասնակցում են իմ ժողովրդի անմեղ զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթին»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ապագա ծրագրավորող 20-ամյա Աշոտ Ավագյանը: Աշոտն ու հարյուրավոր այլ երիտասարդներ ողջ գիշերը կանցկացնեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում զոհ գնացած 1,5 մլն անմեղ հայերի հիշատակին:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր հայի համար նման միջոցառումները կարեւոր նշանակություն ունեն: «Հարգելով մեր զոհված պապերի հիշատակը, մենք հերթական անգամ բարձրացնում ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը»,-ասաց Աշոտը՝ հավելելով, որ միայն երկու տարի բանակում ծառայությունն է իրեն խանգարել ապրիլի 24-ին մասնակցել ջահերով երթին:
24-ամյա Աննան, ով նույնպես մասնակցում էր երթին, նշեց, որ միջոցառումը միայն սգո բնույթ չունի: «Մենք պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի մեր երկիրը հասնի տնտեսական հզորության, ինչն, իր հերթին, հնարավորություններ կստեղծի թուրքական կողմին ավելի խիստ պահանջներ ներկայացնել եւ հասնել համապատասխան փոխհատուցման»,-ընդգծեց Աննան՝ հավելելով, որ իր ընկերների հետ գիշերը մնալու է հուշահամալիրի մոտ:

Նշենք, որ Երեւանում, ապրիլի 23-ի երեկոյան տեղի է ունեցել ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Երթն սկսվել է Ազատության հրապարակից, որտեղ երիտասարդներն այրել են Թուրքիայի դրոշը: նույնը կրկնել են նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am