Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման տեսանկյունից կան դրական տեղաշարժեր։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ պետք է նշել, որ տասնյակ երկրներ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, բայց դեռ աշխատանք կա անելու, եւ ամենակարեւորը այդ ալիքը պետք է պահպանվի, որպեսզի Թուրքիան, ի վերջո, ճանաչի Հայոց ցեղասպանությունը։
Ինչ վերաբերում է միջազգային դատարան դիմելուն, փոխարտգործնախարարն ասաց, որ դեռ վաղ է դիմելը, ժամանակը չէ, որովհետեւ դեռեւս փուլեր կան, որոնք պետք է անցնել։
Նա նշեց որ բացի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ ստեղծված պետական հանձնաժողովից, հանձնաժողովներ են գործում թե արտգործնախարարաությունում, թե արտերկրում՝ գրեթե բոլոր երկրներում սփյուտռքի մեր հայրենակիցների մասնակցությամբ։ «ԱԳՆ հանձնաժողովը համակարգում է արտերկրում գործող հանձնաժողովների աշխատանքը»,- ասաց Շավարշ Քոչարյանը։











