77 տարեկան հասակում, քաղցկեղից մահացած ամենատարեց հայ «օրենքով գողերից» մեկին՝ Ռաֆիկ Խոյեցյանին, ով հայտնի է  «Խոյ» մականունով, ապրիլի 25-ին հուղարկավորեցին Ձորաղբյուրի գերեզմանտանը: Նրա հուղարկավորությանը ներկա էին օրենքով գողեր եւ հեղինակություններ թե’ Հայաստանից, թե’ աշխարհի տարբեր երկրներից: Հուղարկավորությունը, թեեւ շատ բազմամարդ չէր մոտ 200 հոգի, բայց ձորաղբյուրցիները նշեցին, որ  մոտ 4 հազար մարդ է ներկա եղել նրա հոգեհանգստի արարողությանը, որոնց թվում եղել են նաեւ հայտնի քաղաքական դեմքեր: Ծաղկեպսակների թիվը եւս մոտ 200-ի կհասներ, որոնք ուղարկվել էին ե’ւ քրեակատարողական հիմնարկներից, ե’ւ աշխարհի տարբեր երկրներից:

Նշենք, որ հուղարկավորությանն իգական սեռի ներկայացուցիչներ չկային, միայն տղամարդիկ էին: Իսկ հոգեհանգստի արարողությունն անցկացնում էր քահանան: Ձորաղբյուրցիները պատմում էին, որ Խոյեցյանները մոտ 6 տարի է, ինչ ապրում են Ձորաղբյուրում եւ աչքի են ընկնում իրենց համեստությամբ: Հարգանքով էին խոսում Ռաֆիկ Խոյեցյանի մասին եւ ասում, որ կյանքի մասին շատ խորը պատկերացումներ ուներ եւ մարդկանց համար ավելի հաճելի էր ժամերով լսել նրան, քան ցանկացած պաշտոնյայի:

«Այսօր ամբողջ աշխարհը ցավով է խոսում նրա մահվան մասին, քանի որ նրա ձեռքերն արյունոտ չեն եղել, երբեք խեղճին, անմեղին չի նեղացրել»,- ասում էին ձորաղբյուրցիները՝ հավելելով, որ Խոյեցյանն իր հերթին շատ համեստ մարդ է եղել եւ բոլորի հետ շփվել է, սակայն նաեւ շատ դաժան կյանք է ունեցել. իր 77 տարիներից  մոտ 30 տարին անցկացրել է մեկուսարաններում: Տարիներ առաջ էլ որդին է մահացել, ով Մոսկվայում է  թաղված:

Վերջին տարիներին Ռաֆիկ Խոյեցյանը հիմնականում ժամանակը տանն է անցկացրել՝ թոռնիկների հետ, իսկ գործերով զբաղվել է որդին` Աֆոն, ով շարունակում է հոր գործը:

Մեր զրուցակիցները ընդգծում էին, որ շատ քիչ դեպքերում է, երբ օրենքով գողերը մահանում են բնական մահով, որոնցից մեկն է էլ Խոյն է: Իսկ այդ հանգամանքը պատճառաբանում էին նրանով, որ նա այնքան հարգված է եղել բոլորի կողմից եւ այնպես է գործել, որ ոչ ոք չփորձի իր ներկայությունից ազատվել:

Մինչեւ այդ հայտնել էինք, որ քաղցկեղից մահացած ամենատարեց հայ «օրենքով գողերից» մեկը՝ Ռաֆիկ Խոյեցյանը, ով հայտնի է «Խոյ» մականունով, արյունոտ գործերի մեջ խառնված չի եղել, այլ հիմնականում զբաղվել է գողություններով:  Նա Խոյեցի է ազգանունն էլ Խոյեցյան, ինչի արդյունքում նրան «Խոյ» են կոչել: Գրող Սերգեյ Գալոյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ նույնիսկ վերջին տարիներին Խոյեցյանը դատապարտված է եղել գողության համար եւ արտոնյալ պայմաններում է իր պատիժը կրել:«Ինքը գողություններ է կատարել եւ օրենքով գողի կոչումն էլ առաջին անգամ բանտում է  ստացել»,- ասել էր գրողը: Ռաֆիկ Խոյեցյանը հին գողերից «Սվո Ռաֆի» հետ շատ մոտ չի եղել, սակայն ծանոթներ են եղել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք նաեւ, որ Ռաֆիկ Խոյեցյանը համարվում էր հին սերնդի ամենաազդեցիկ ու հայտնի հայ «օրենքով գողերից»  մեկը: Վերջին տարիներին նա հեռացել էր քրեական կյանքից՝ առողջական խնդիրների պատճառով, իսկ իր լիազորությունները հանձնել էր որդուն՝ Ռաֆայելին: