Հայ ազգային կոնգրես կուսակցությունն այսօր` ապրիլի 28-ին, մայրաքաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակում հանդիպել է շենգավիթցիների հետ: Ողջույնի խոսքում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը կարեւորելով մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունները, նշեց, որ սա Հայաստանի նախագահական ընտրություններից հետո կարեւորությամբ գրեթե խորհրդարանական ընտրություններին չզիջող քաղաքական ակցիա է, երբ շանս է տրված ՀՀԿ-ին զրկել մոնոպոլիայից, եւ եթե կարողանան դա անել, կարող է հույս առաջանալ այդ մեթոդը կիրառել ամբողջ Հայաստանում։ Նա նշեց, որ Երեւանը շատ կարեւոր է քաղաքական, տնտեսական եւ մի շարք այլ առումներով, քանի որ մայրաքաղաքում է կենտրոնացած ամեն ինչ, բոլոր կուսակցությունների, քաղաքացիների հույսը Երեւանն է եւ երեանցիները, այստեղ շատ ավելի հեշտ է հարցեր լուծել, քան հանրապետության մնացած հատվածներում:
Արամ Մանուկյանը նշեց, որ եթե ընդդիմադիր ուժերով մի քիչ խելացի գտնվեն, կարող են հավաքել 65 տոկոս ձայն, քանի որ վերջին նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին ձայն չտվող անձինք կազմել են 70 տոկոս, որոնց մեծ մասը քվեարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, ինչը նշանակում է, որ ժողովուրդը կողմ է ցանկացած քաղաքական ուժի, որը դեմ է Սերժ Սարգսյանին, ամեն ինչի պատրաստ է, միայն թե ՀՀԿ-ից ազատվի։
Նա կոչ արեց քվեարկել ՀԱԿ-ի օգտին, որովհետեւ իրենցից այն կողմ չեն տեսնում ավելի «ռադիկալ, համարձակ քաղաքական ուժի»: «Հալալ է բոլոր քաղաքական ուժերին, ովքեր Սերժ Սարգսյանին դեմ են: Ով Սերժ Սարգսյանին դեմ է, հայրենասեր է, նա դեմ է կոռուպցիային, արտագաղթին»,- ասաց նա: Պատգամավորը նշեց նաեւ, որ եղել են շարժման մեջ վայրիվերումներ, բայց ՀԱԿ-ը երբեք չի խաբել:
Արամ Մանուկյանի կարծիքով` իրենք հրաշալի, ակտիվ թիմ ունեն, «էն որ ասում է` ով կարող է, թող գա իմ հետ մրցի»: Դիմելով հավաքվածներին` նա նշեց, որ իրենց թիմի առավելությունը ոչ միայն գրագիտությունն է, այլեւ «ոչ մեկը չունի էդ դուխը, ազատ մարդու դուխը բարձր է, ոչ ոք չի կարող իրենց խեղճացնել, իրենք հաղթելու ենք իրենց դուխի հաշվին»:
Շենգավիթցիների հետ հանդիպմանը եւս Արամ Մանուկյանը անդրադարձավ Տարոն Մարգարյանի ունեցվածքին, հարցնելով նրան, թե «այ ջահել ջան, ոնց մի քանի տարվա ընթացքում քո աշխատավարձով հավաքեցիր, մենք էլ ենք ստացել էդ աշխատավաձրը, ինչո՞ւ մենք չունենք նման հարստություններ, թե՞ մենք դեպուտատ չէինք, մենք նախարար չէինք, մենք քաղաքաապետ չէինք»:
Նա նաեւ անդրադարձավ ՕԵԿ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանին: «Հիմա «Օրինացի» առաջին համարը` Արմեն Երիցյանը, մի նենց չքմեղացել է, ընդդիմադիր ելույթներ է ունենում, պատկերացնո՞ւմ եք՝ «Օրինաց երկիրը» ընդդիմադիր է, Հայաստանում մի մարդ գտեք, որ հավատա, որ Արթուրիկը՝ ԱԽՔ-ը, ընդդիմադիր է, մեղա քեզ, տեր, ամեն անգամ էս կապիկությունները մեր գլխին խաղացել են` Արտաշես Գեղամյան, Արթուր Բաղդասարյան, բայց չեմ կարծում, թե մեր ժողովուրդը չի ջոկում` ով ով է»:
Հանրահավաքի ավարտին ՀԱԿ-ը երթով շարժվեց դեպքի «Հայրենիք» կինաթատրոնի տարածք: Երթի ընթացքում նրանք բարձրախոսով հիշեցնում էին ապրիլի 30-ին կայանալիք հանրահավաքի մասին, որին ելույթ կունենա նաեւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:











