«Հայաստանի միակ օլիգարխիկ ընտանիքը Սերժ Սարգսյանն է եւ նրա ընտանիքը, իսկ Տարոն Մագարյանը դրածո է»,-այս մասին այսօր` ապրիլի 28-ին, շենգավիթցիների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ համամասնական ցուցակի 8-րդ հորիզոնականը զբաղեցնող ԱվետՊողոսյանը:
Նա նշեց, որ Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնողը Հայ ագզային կոնգրեսն է` մեր քաղաքական դաշտի ավանգարդը, միակ ընդդիմությունը:
ՀԱԿ համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Զոյա Թադեւոսյանն էլ կոչ արեց գնալ եւ ընտրել միայն ՀԱԿ-ին, քանի որ իրենք են ունակ ժողովրդի բոլոր իղձերն իրականացնել: Նա գովեստի խոսքեր հնչեցրեց իրենց թեկնածուների հասցեին. «Մայիսի 5-ին պարտավոր ենք գնալ ընտրատեղամաս, մեր քվեարկությունից է կախված, թե հաջորդ օրվանից ինչպիսի երկրում ենք ապրելու: Մենք պարտավոր ենք բոլորին ցուցադրել, որ մենք էլ կարող ենք հերոսանալ եւ ՀՀ-ի փրկությունը մեր ձեռքերում է: Ուզում եմ, որ ՀԱԿ-ը ապացուցի, որ այն ուժն է, որին ժողովուրդը վստահում է»,- ասաց Զոյա Թադեւոսյանը։
Նա ժողովրդին կոչ արեց չվախենալ, վստահեցնելով, թե ոչ ոք չի կարող վերահսկել իրենց ընտրությունը: «Երեւանը վերցնելուց հետո մենք կարող ենք հանգիստ շունչ քաշել, որ ՀՀ-ն փրկված է այս գայլերից։ Մենք շատ ուժեղ ենք, վստահ եղեք, որ ձեր ձայները պահելու ենք»,- ասաց նա։
Իսկ Երեւանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ համամասնական ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը իր ելույթում նշեց, որ այսօրվա ավագանու կազմում բոլոր «գետերը» կան` ճարտարագետ, մշակութագետ, երաժշտագետ, գիտունիկներ կան, բայց Երեւանի մասին մտածող չկա:
Նա նշեց, որ այժմ իշխանությունները վախեցած են եւ «Գելափներ» են բերում, սոցիոլոգիական հարցումներ են ներկայացնում, բայց ինչ էլ անեն, նրա խոսքով, միեւնույն է, իշխանությանը չեն սիրում, ժողովուրդը հոգնել է նրանցից, հույսեր չի կապում նրա հետ, եւ այդպես էլ պետք է լիներ, երբ բնակչության 35 տոկոսը աղքատ է, 40 տոկոսը` գործազուրկ:
Երեւանի խնդիրներից նա առանձնացրեց աղբահանության խնդիրը, որը նորմալ չի կատարվում: Նախկին քաղաքապետը շեշտեց, որ Երեւանը կարիք ունի լուրջ կառավարման, այնպիսի իշխանության, որը իրեն հաշվետու լինի, իրենք հենց այդպիսի Երեւան էլ խոստանում են
Նա նաեւ անդրադարձավ «Նաիրիտ» գործարանին, շեշտելով, որ այն ինչ կատարվում է գործարանի հետ, կոչվում է թալան, իսկ պետությունը ոչ միայն թույլատրել է «Նաիրիտի» անօրինակաությունները, այլեւ դրա պարտքը ուզում է ձեւակերպել պետության պարտք: «ՀԱԿ կուսակցությունը կանգնած է իր դիրքերում, հետ չենք գնացել եւ չենք գնալու, պահանջը մեկն է` իշխանությունները պետք է հեռանան, այդ շանսը ունենք, մեզ օգնեք այդ շանսը իրականացնել»,- ասաց նա:











