Ապրիլի 25-ին ժամը 17.00-ին Հայ ազգային կոնգրեսի Աջափնյակ կառույցի գրասենյակի մոտ ՀԱԿ ավագանու թեկնածու Արսեն Նիկողոսյանը եւ ՀԱԿ-ի Աջափնյակի շտաբի պետ Պետրոս Գեւորգյանի որդին` Ֆելիքս Գեւորգյանը, ծեծի են ենթարկել ՀԱԿ նախկին անդամ Արման Մանվելի Առաքելյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց ինքը՝ Արման Առաքելյանը:
Նա նշեց, որ մոտ մեկ տարի առաջ խզել է կապերը ՀԱԿ դաշինքի հետ: Դրանից հետո ՀԱԿ-ի Աջափնյակի շտաբից, իրենից գաղտնի, զանգահարում են կնոջը եւ առաջարկում աշխատանք` քարոզչական բուկլետներ բաժանել 60 հազար դրամով՝ խոստանալով ապահովել գաղտնիությունը, որպեսզի ամուսինը չիմանա: Բայց Արման Առաքելյանն իմանում է այդ մասին եւ գնում ՀԱԿ-ի Աջափնյակի գրասենյակ` փորձելով պարզաբանել իրավիճակը, թե ինչու իրենից գաղտնի իր կնոջը կանչել են աշխատանքի:
Արման Առաքելյանը պատմեց, որ շտաբի մոտ իրեն ՀԱԿ ավագանու թեկնածու Արսեն Նիկողոսյանը, ՀԱԿ-ի Աջափնյակի շտաբի պետ Պետրոս Գեւորգյանի որդին` Ֆելիքս Գեւորգյանը ծեծի են ենթարկում, վիրավորում, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում, պատռում հագուստ: Դրանից հետո արյունոտված հագուստով նա գնում է ՀԱԿ կենտրոնական գրասենյակ, դիմում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին` խնդրելով խնդրին լուծում տալ, իսկ վերջինս էլ պատասխանում է, թե գնա, մի երկու-երեք օրից կկազդուրվես, կգաս, կզրուցենք:
Երիտասարդը դիմում է Ոստիկանության Մաշտոցի քննչական բաժին, դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, դատաբժշկի ուղեգիր են տվել: Նա կապտուկներ ունի գլխի եւ դեմքի շրջանում, ինչպես նաեւ պարանոցի հատվածում, քանի որ, իր իսկ պատմելով, փորձել են հագուստով խեղդել իրեն:
Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցին հաստատեցին, որ դեպքի առթիվ նախաքննություն է ընթանում, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:
Ի դեպ, միջադեպի հետ կապված փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանից: Նա նշեց, որ չի ցանկանում որեւէ գնահատական տալ: «Որովհետեւ դա վերաբերում է շատ կոնկրետ կենցաղային վեճի, ընդ որում` ընտանիքի ներսում, որին ես չեմ ցանկանում որեւէ կերպ միջամտել»,- նշեց նա` շեշտելով, որ քանի որ դա նեղ ընտանեկան խնդիր է եւ վերաբերում է մարդկանց մասնավոր կյանքին, անձնական խնդիրներին, «ինձ էլ իրավունք չեմ տալիս միջամտել, ոչ էլ որեւէ մեկին խորհուրդ կտայի միջամտել»:
Մանրամասները` տեսանյութում:











