Իմ մասնակցությամբ տեսագրությունում ես չեմ ասել այն մասին, որ ինձ 100 հազար դոլարի չափով կաշառք են առաջարկել: Ես ասել եմ, որ մեզ փորձել էին ընտրակաշառք առաջարկել` հարյուր հազարավոր դոլարներ արժեցող, սակայն մենք հրաժարվել ենք: Այս մասին մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով գլխավորում էր «Բարեւ Երեւան» դաշինքի համամսնական ընտրացուցակը Երեւանի ավագանու ընտրույթուններում:
«Մեզ բազմիցս առանձնակի մեծ չափերով կաշառք են առաջարկել, սակայն մտադիր չեմ բարձրաձայնել, թե ում առաջարկն է դա եղել: Ես որպես քաղաքական գործիչ չեմ կարող ինձ թույլ տալ անուններ բարձրաձայնել, կարող եմ միայն ասել, որ առաջարկությունը ստացել ենք երկրի իշխանական համակարգից»,-ասել է Մարտիրոսյանը:
Ի պատասխան հարցի, թե հայտնի՞ է արդյոք իրեն, թե ինչպես է ոստիկանական ավտոմեքենայում արված տեսագրությունը հասանելի դարձել հանրությանը, Մարտիրոսյանը նշեց, որ նա չի իմացել այն մասին, որ տեղի ունեցողը նկարահանվում է. «Ավելի ուշ իմացա, թե ով էր նկարահանում տեղի ունեցողը: Նա նորմալ տղա է, պարզապես եթե իմանայի, կփորձեի հայհոյանքներ չօգտագործել, սակայն լավ է, որ տեսագրությունում այդ հատվածը հանված է»:
Նշենք, որ Youtube-ում հայտնվել է տեսագրություն, որտեղ Արմեն Մարտիրոսյանին ոստիկանական ավտոմեքենայով տանում են բաժին` Բաղրամյան 9 հասցեում տեղի ունեցած միջադեպից հետո:











