«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի մասնակցությամբ, այսօր` մայիսի 7-ին, համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն: Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ տեղյակ են տեսանյութից, տեսել են համացանցում եւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն, որի արդյունքների մասին անպայման լրացուցիչ կտեղեկացնեն:
Նշենք, որ այսօր համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ «Բարեւ Երեւան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը ապրիլի 9-ին` Երեւանի կենտրոնում տեղի ունեցած հայտնի միջադեպերի օրը, ոստիկանական մեքենայում հայհոյում է: «Ժառանգության» փոխնախագահը խոսում է երկրի ներկա իրավիճակից, ինչպես նաեւ նշում, որ իրենց 100 000 դոլար կաշառք են առաջարկել, սակայն իրենք հրաժարվել են:











