Երկու օր առաջ Լոռիի մարզում տեղացած կարկուտի վնասները տեղում ճշտելու նպատակով կիրակի՝ մայիսի 26-ին, մարզ է այցելել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Այցը եղել է աշխատանքային, սակայն սովորության համաձայն, նախարարն ացելել է լրագրողներից գաղտնի:
Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանի, մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանի հետ նախարարն այցելել է Ստեփանավանի տարածաշրջանի Ագարակ, Լեջան եւ Ամրակից համայնքներ, որոնք ավելի շատ են վնասվել կարկուտից: Թե ինչ է խոսել նախարարը գյուղացիների հետ, հայտնի չէ, սակայն տեղում գտնվող լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նա հերքել է որոշ գյուղապետերի՝ կարկուտի հասցրած վնասների չափը, նշելով, որ նախնական բնորոշում տալ կարկուտի հենց նույն օրը, սխալ է, քանի որ կան մշակաբույսեր, որոնք ենթակա են վերականգնման:
Նախարարը վնասները նշված համայնքներում գնահատել է 30-50 տոկոս, որոշ տեղերում նաեւ «մի քիչ ավելի շատ»: «Կարտոֆիլի դաշտերը, որ մենք տեսանք, վերականգնման ենթակա են, 4-5 օրից պատկերը ավելի պարզ կլինի, իհարկե ամբողջությամբ ոչ, բայց մի 60 տոկոսով կարելի է բերք ստանալ, էնպես որ գյուղացիների ու գյուղապետերի նշած տվյալները մի քիչ հարաբերական են»,-ասել է նախարար Սերգո Կարապետյանը:
Անդրադառնալով հակակարկտային կայանների բացակայությանը մարզում եւ հատկապես Ստեփանավանի տարածաշրջանում, որը համարվում է կարկտաբեր գոտի /նշված տարածաշրջանում նախորդ տարի տեղադրվել է 6 հակակարկտային կայան-խմբ/, նախարարն ասել է. «Ուրեմն պետական ծրագիր կա առաջիկա հինգ տարիների համար եւ այդ ծրագրով հենց նախատեսված է հանրապետությունում հակակարկտային կայանների տեղադրման գործը շարունակել: Նկատի ունենալով 2011թ-ի նույն այս տարածաշրջանի կարկուտի հասցրած վնասները, մենք նախորդ տարի 6 հակակարկտային կայան տեղադրեցինք աս տարածաշրջանում, տեղադրման հարցը կլինի շարունակական»:




Լուսանկարներն ու տեսանյութը՝ Էդվարդ Արզումանյանի











