Այն, ինչ դուք տեսաք րոպեներ առաջ, սա ամոթի և խայտառակության մի տեսարան էր, դուք տեսաք ուժայինների մի քանի շարքեր, դիմակավորված մինչև ատամները զինված ուժայինների ներկայացուցիչների, որոնք քննչական մարմին էին տեղափոխում ազգային բարերար Սամվել Կարապետյանին, հայ ժողովրդի զավակին, որը իր ամբողջ գործունեության ընթացքում, այս 30 և ավելի տարիների ընթացքում իր երկրի և ժողովրդի համար միայն բարիք է գործել։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4–ին, ՊԵԿ քննչականի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։

«Ի հակադրություն սրա, մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմանները ադրբեջանական զինված անձի համար դարձել են զբոսավայր։ Վերջին ամսվա ընթացքում մենք տեսանք, որ առնվազն երկու ադրբեջանցի կարողացել էր հատել Հայաստանի ինքնիշխան սահմանները և փոխանակ այս իշխանությունը մտածի մեր երկրի սահմանները ամրապնդելու և անվտանգությունը ապահովելու մասին, դուք տեսնում եք այս մասկի շոուներին։ Դուք ականատես եք լինում այս հրահանգավորված հատուկ գործողություններին և սրա նպատակը մեկն է, այս իշխանությունը փորձում է այս խայտառակ տեսարաններով վախի մթնոլորտ տարածել հանրության շրջանում, բայց իրականում ինքն է հիմա փակուղում գտնվում»,–ասաց նա։

Ղահրամանյանը նկատեց, որ Բաքվից թելադրված օրակարգով իշխանությունը փորձում է հայ ժողովրդին պարտադրել սահմանադրություն, որի տեքստը չի գրվել Երևանում. «Սա է խնդիրը, իսկ խորհրդարանական վերջին ընտրություններին մեր հայրենակիցները «ոչ» են ասել ալիևյան սահմանադրությանը՝ այս իշխանությանը չտալով 50 գումարած մեկ քվեի հնարավորություն։

Իշխանությունը գիտակցում է, որ Հայաստանի քաղաքական դաշտում, ի դեմս Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի, հայտնվել է մի ուժ, որը կարող է, ունակ է համախմբել հասարակության տարբեր շերտերի և, որը ունակ է չնահանջել, չտրվել ճնշումներին։ Ինչպես մենք հայտարարել ենք, երբ մանդատները վերցնում էինք, Հայաստանի Հանրապետությանը, արտաքին օրակարգով սահմանադրություն չի կարող պարտադրվել։ Այս ամենը, ինչ դուք տեսնում եք, այդ շինծու քրեական գործերը հենց այս պատճառով են։ Այնտեղ իրավաբանության ոչ մի դրվագ, ոչ մի բան գոյություն չունի, այս ամենը ուղիղ հրահանգավորված քաղաքական հետապնդում է։

Հայաստանի իրավապահ մարմինները արդեն վաղուց դարձել են գործիք իշխանությունների ձեռքին։ Սա արձանագրել են նաև մեր եվրոպացի գործընկերները իրենց ամփոփիչ զեկույցում, երբ խոսել են լայնամասշտաբ քաղաքական հետապնդումների մասին, ու սա հերթական խայտառակ ռաունդն է և տեսարանը, որին դուք ականատես եղաք։ Սա հայ ժողովրդի համար խայտառակ և ամոթալի տեսարան էր»,–ասաց նա։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։

Այս առնչությամբ ՔԿ–ից NEWS.am—ին հայտնել են. «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»։

Ավելի ուշ ՔԿ–ն հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, որ ՀԷՑ-ին պատճառվել է 64,5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի և 35 անձի նկատմամբ, նրանք ձերբակալվել են։