Հունիսի 21-ը ոստիկանության զորքերի կազմավորման օրն էր, որի կապակցությամբ հանդիսություն է անցկացվել ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդում:

Տոնական հանդիսությունը սկսվել է զոհված զինծառայողների հուշահամալիրի բացման արարողությամբ:

Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, բարձրաստիճան սպաները, հյուրերն ու զոհվածների հարազատները ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել սահմանների պաշտպանության ժամանակ եւ ծառայողական պարտքը կատարելիս զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշապատի մոտ:

Տոնի առթիվ զինծառայողներին շնորհավորել է ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Ոստիկանության զորքերի անցած փառավոր ուղու մասին խոսել է ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանը:

Ոստիկանության զորքերի զինծառայողներին շնորհավորել է եւ զոհվածների հարազատներին ցուցաբերվող ուշադրության համար շնորհակալություն է հայտնել Անհայտ կորածների հարազատների միության նախագահ տիկին Ռիման:

Ներկաներին իր ողջույնի խոսքը հղել է Կոտայքի թեմի առաջնորդ, ՀՀ ոստիկանության հոգեւոր պատասխանատու, գերաշնորհ Տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանը:

Ծառոյաղամարտական գործունեության մեջ դրսեւորած բարձր արդյունքների համար եւ ոստիկանության զորքերի օրվա կապակցությամբ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի եւ ոստիկանության զորքերի հրամանատարի կողմից զորքերի մի խումբ զինծառայողներ արժանացել են պարգեւների:

Զոհվածների հարազատները ցավին ամոքում ունեն. որդիների հիշատակը հավերժ է, իրենք՝ միշտ ոստիկանության պետի, ոստիկանության զորքերի հրամանատարի ուշադրության, իրենց որդիների մարտական ընկերների հոգածության կենտրոնում: Հայրենիքի համար ծառայելը պատիվ է, զոհվելը՝ սրբագործություն: Հուշապատին հավերժացած այս տղաների հոգիներն այսօր հպարտ թեւածում են վերեւներում....