Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը պնդում է, որ ինքը գծատեր չէ, գծատեր է իր եղբոր որդին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ «ԴՅԱԿՈ-ԱՐԹ» ՍՊԸ-ն, որը սպասարկում է թիվ 18 երթուղին, իր որդիների անունով է գրանցված, սակայն երթուղին եղբոր որդուն է, պարզապես այս ՍՊԸ-ի անվամբ են գրանցել:

Նա նշեց, որ ՍՊԸ-ն գրանցված է իր որդիների` Անդրանիկ Նավասարդյանի եւ Էդգար Նավասարդյանի անվամբ, բայց երթուղին իր եղբոր որդունն է`  Արտակ Նավասարդյանինը: «Դա եղբորս տղայի գիծն է, ճիշտ է` ՍՊԸ-ն իմ որդիների անունով է, բայց եղբորս տղայի գիծն է: Իմ ընտանիքը գիծ չունի, դա եղբորս ընտանիքին է: ՍՊԸ-ն է իրենց անունով, քանի որ տարածք ունեին, մեքենաներ ունեին, այդ ՍՊԸ-ով մասնակցեցին»,- ասաց Հենրիկ Նավասարդյանը:

Վարչության պետն ասաց, որ որդիներից Անդրանիկ Նավասարդյանը աշխատում է «Երեւան տրանսում»` որպես սովորական աշխատող, իսկ մյուս որդին` Էդգար Նավասարդյանը` Կադաստրում: Վարչության պետի երրորդ որդին էլ` Դավիթ Նավասարդյանը «Մոշն թայմ» ՍՊԸ-ի սեփականատերն է, որը Հենրիկ Նավասարդյանի խոսքով, զբաղվում է ոչ միայն հասարակական տրանսպորտում, այլեւ տարբեր վայրերում գովազդ տեղադրելով:

Մեր դիտարկմանը, թե փաստորեն ձեր ընտանիքը տրանսպորտային բիզնեսով է զբաղված, վարչության պետն այսպես արձագանքեց. «Ի՞նչ եք առաջարկում, մեր տնից ոչ ոք իրավունք չունի՞ աշխատելու, իրավունք չունի՞ որեւէ  գործունեությամբ զբաղվել»:

Նա վստահեցրեց, որ երբեւէ իր պաշտոնը չի ծառայեցրել իր հարազատների բիզնեսին, օրինակ` մրցույթներ շահելու հարցում, «ցանկացած ավտոբուսային գիծ ով բերի, կշահի, որովհետեւ տասնյակ երթուղիներ ունենք, որոնք այսօրվա դրությամբ թափուր են, հայտարարություններ ենք տվել, բայց ոչ մեկ չի մասնակցել, ով էլ բերի, մասնակցի մրցույթին, պետք է ողջունենք»:

Նշենք, որ Hetq.am-ը  գրել էր, որ Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, ով տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաների ամենաակտիվ հակառակորդներից է, թիվ 18 ավտոբուսային երթուղու տերն է:  Բանն այն է, որ Հենրիկ Նավասարդյանին է պատկանում թիվ 18 ավտոբուսային երթուղին: Այն սպասարկում է «ԴՅԱԿՈ-ԱՐԹ» ՍՊԸ-ն, որի սեփականատերը Հ. Նավասարդյանի 22-ամյա որդին է` Անդրանիկ Նավասարդյանը: Նա 2012 թ. նոյեմբերից ընկերության 100 % սեփականատերն է, իսկ մինչ 2012 թ. ապրիլ ամիսը 2 տարի ընկերությունը ղեկավարել է ավագ որդին` Էդգար Նավասարդյանը: Անդրանիկ Նավասարդյանը 2008-ից մինչեւ 2013 թ. մայիս ամիսը եղել է նաեւ «ԴՅԱԿՈ-ԱՐԹ» ՍՊԸ-ի տնօրենը, իսկ այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է նրանց ազգականը` Արտակ Նավասարդյանը: Պարզ է, որ այս ընկերության իրական սեփականատերը հենց Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյան է: Նավասարդյանների ընտանիքը ամբողջության ներգրավված է տրանսպորտի ոլորտում, ուստի հասկանալի է Հենրիկ Նավասարդյանի նյարդային վիճակը, երբ լրագրողները փորձում են նրան հարցեր տալ: Բանն այն է, որ նրա միջնեկ որդին` Դավիթ Նավասարդյանն էլ զբաղվում է հասարակական տրանսպորտի վրա գովազդ տեղադրելով: Նրան է պատկանում «Մոշն թայմ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 2011 թ.-ին: 

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am