Կոլումբիայում փրկարարները կոյուղու ջրհորից դուրս են բերել երեքամյա փոքրիկին, որին ուժեղ ջրհեղեղի ժամանակ քշել էր ջրի հոսքը: Փրկարարները մեկ օր շարունակ փոքրիկին փնտրել են կոյուղու խողովակներում, որտեղ նրան քշել էր ջրի հոսքը: Սարսափելի ջրհեղեղը տեղի էր ունեցել Կոլումբիայի հյուսիսում, որի հետեւանքով նավահանգստային քաղաքը փաստացի ամբողջությամբ հայտնվել էր ջրի տակ: Փրկարար ջոկատների տվյալներով՝ ջուրը փոքրիկ տղային կոյուղու խողովակներով քշել էր 1500 մետր: Նրան հնարավոր է եղել գտնել միայն մեկ օր անց, հաղորդում է  Lifenews.ru-ն:

Երբ փրկարարները գտել են տղային, նա իր վերջին ուժերով կառչած է եղել բետոնե պատից: «Մեզնից շատերը կնախանձեին փոքրիկ երեխայի համարձակությանը»,-ասել են փրկարարները:

Բժիշկները զննել են երեխային եւ պարզել, որ նրա օրգանիզմը սառել է: Չնայած ապրած սարսափներին, փոքրիկն արդեն իրեն լավ է զգում: Բժիշկներն ասում են, որ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում եւ շուտով նրան կհանձնեն հարազատներին: