Ազգային ժողովի նախկին պատգամավոր  Զոհրաբ Զոհրաբյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են Ռուսաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Զոհրաբ Զոհրաբյանը:

Նա նշեց, որ Մոսկվա է մեկնել օգոստոսի 14-ին, այնտեղ կմնա մինչեւ սեպտեմբերի վերջ: Մոսկվայում նախկին պատգամավորը դեռ պետք է երեք  անգամ վիրահատվի` գլխի, ականջի եւ երկու անրակների շրջանում:  «Ամենաբարդը երկու անրակների վիրահատությունն է, մեկը պետք է ջարդեն, նորից կպցնեն, մյուսը՝ երկու տեղից դեռ պոկված է»,- ասաց  Զոհրաբ Զոհրաբյանը: Առաջին վիրահատությունը նախատեսվում է սեպտեմբերի 2-5-ն ընկած ժամանակահատվածում: Իսկ հետվիրահատական վերականգնողական բուժումը կտեւի 3-4 ամիս, եթե իհարկե ամեն ինչ նորմալ անցնի եւ բարդություններ չլինեն:

«Ամեն օր անտանելի ցավեր եմ ունեցել, ուղղակի սովորել էի, վիրահատություններից հետո վեց ամիս մեջքի վրա կարող եմ միայն պառկել, ոսկորներս պոկված են, դա հերիք չէ. դեմքս ծուռ է, ականջս չի լսում, աչքերս լավ չեն տեսնում, ամբողջ կյանքս նվիրեցի Հայաստանին ու ժողովրդին, վերջում ոսկե մեդալի տեղ կես մարդ դառա»,- ասաց նա:

Հայասռտանում վթարի հետեւանքով մի քանի անգամ վիրահատված նախկին պատգամավորը շնորհակալ է հայ բժիշկներին «իրեն այն աշխահից» հետ բերելու համար, պարզապես նպատակահարմար է գտել հետագա վիրահատությունները կատարել արտերկրում: Ինչ վերաբերում է իր վթարի ենթարկվելու դեպքի առթիվ հարուցված գործի քննությունից, ապա նա նշեց, որ բավարարված է քննությամբ:

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի կեսգիշերին Հրաչյա Քոչար-Փափազյան խաչմերուկում վթարի էր ենթարկվել նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը։ Վերջինս վարորդի հետ անգիտակից վիճակում տեղափոխվել էր «Արմենիա» ԲԿ։  Ըստ ԱԻՆ լրատվական ծառայության՝ չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34VU251 համարանիշի եւ «Չերրի» մակնիշի 09UL425 համարանիշի ավտոմեքենաները: Զոհրաբ Զոհրաբյանը հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում` գանգուղեղային տրավմա, կրծքավանդակի սալջարդ վնասվածքներով: Տեւական ժամանակ «Արմենիա» բժշկական կենտրոնում պառկելուց հետո նա տեղափոխվեց «Էրեբունի« բժշկական կենտրոն, որտեղ եւ վիրահատվել էր: Դրանից հետո նա ավելի քան 10 օր կոմայի մեջ է գտնվել, մի քանի անգամ վիրահատվել:

Փաստի առթիվ ապրիլի 5-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով(ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս): Ամիսներ տեւած քննությունից հետո գործը կարճվել էր  Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հատկանիշներով` հանցակազմի բացակայություն: