Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Փայեթը դատապարտել է Անկախության հրապարակում խաղաղ Եվրամայդանի ցրումը: Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում, որով մեկնաբանում է հանրահավաքը ցրելու վերաբերյալ իշխանությունների որոշումը:

«Առայժմ աշխատում եմ այն ուղղությամբ, որ հասկանամ, ինչ է կատարվել, բայց, իհարկե, դատապարտում եմ խաղաղ քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառելու փաստը: Քիչ անց կասեմ ավելին»,- գրել է դեսպանը, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:

Ավելի վաղ ուրբաթ օրը նա կոչ էր արել իշխանություններին ուժ չկիրառել հանրահավաքի նկատմամբ եւ զգուշացրել էր երկկողմանի հարաբերությունների վրա լուրջ հետեւանքների մասին, եթե եվրամայադնը ճնշեն:

«Միացյալ Նահանգների համար խոսքի ազատությունն ու մամուլի ազատությունը հիմնարար սկզբունքներ են: Մենք մշտապես կրկնում ենք, որ սա մեր բարձրագույն առաջնահերթությունն է: Այս արժեքները հարգելը երկկողմանի ռազմավարական հարաբերությունների հիմքերից մեկն է: Այդ սկզբունքներից հրաժարվելը լուրջ հետեւանքներ կունենա»,- այն ժամանակ հայտարարել էր նա: