Նոյեմբերի 30-ին «Մի նեղացրեք մեր ծնողներին» կարգախոսով Սիրահարների այգում բողոքի ակցիա էր կազմակերպվել պարտադիր կուտակային կենսաթոշակի դեմ պայքարող ՏՏ ոլորտի աշխատակիցների երեխաների մասնակցությամբ։

Երեխաներն իրենց բողոքն արտահայտել էին ջրաներկով արված նկարներում, որոնցում պատկերել էին այն ամենը, ինչը կարող են կորցնել իրենց ծնողների աշխատավարձերի կրճատման հետեւանքով։

«Ուրիշ երեխաների նման չեն, չակերտավոր երեխաների նման, իրենց պապաների կրեդիտնի քարտերով կոկային չեն քաշում քթերը, այլ այստեղ գալիս, մեր հետ պայքարում են: Ժամանակները փոխվել են, իրավական պետությունում ծնողները և պետությունը պետք է պաշտպանեին երեխաներին, իսկ այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մեր երեխաներն իրենք են կանգնում մեր կողքին: Նրանց ծնողները ստիպված են լինելու կրկնակի աշխատանք կատարել, աչք քոռացնել, աշխատել, որպեսզի կարողանան պահել իրենց երեխաներին: Եվ շատ ծիծաղելի է, երբ մարդիկ, որոնք իրենց կաբինետներում նստած «մարիոյի» առաջին լեւելը չեն կարողանում անցնել, քննադատում են ու ծաղրում այն մարդկանց, ովքեր այդ «մարիո» ծրագիրը գրում են»,- ասաց հաղորդավարուհի Գոհար Հայրապետյանը:

Նկարներն այգում ցուցադրելուց ու «դեմ ենք, դեմ ենք» վանկարկելուց հետո ծնողներն ու երեխաները շարժվեցին դեպի Ազգային ժողով, որպեսզի ճաղավանդակների մոտ տեղադրեն երեխաների նկարները՝ պատգամավորներին հիշեցնելով իրենց բողոքի մասին: Բայց ոստիկանության աշխատակիցը թույլ չտվեց նրանց շարժվել դեպի Ազգային ժողով` ասելով, որ ծնողները սադրում են երեխաներին։

«Տանելու եք փակցնեք պատերին կամ շպրտեք ներս։ Կեղտոտելու եք տարածքը»,- ասաց ոստիկանը, իսկ երբ նրան ասացին, որ պարզապես ուզում են նվիրել դրանք պատգամավորներին, ուղեկցեց նրանց դեպի խորհրդարանի հետեւի մուտք։

Այստեղ կենսաթոշակային նոր օրենքի դեմ պայքարող ծրագրավորողներին դիմավորեց ԱԺ «ՀՅԴ» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, հավաքեց երեխաների նկարներն ու խոստացավ ցույց տալ գործընկերներին։