ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի կապակցությամբ Գյումրիի կենտրոնական փողոցները, օդանավակայան եւ ռազմաբազա տանող ճանապարհները դեկտեմբերի 2-ի առավոտվանից փակ են եւ հսկվում են աննախադեպ մեծ թվով ոստիկանների կողմից։ NEWS.am-ի թղթակիցը Գյումրիից հաղորդում է, որ կյանքը քաղաքի կենտրոնում բառացիորեն կանգ է առել։ Փակ են խանութները, մանկապարտեզները։ 

Մեծ թվով անվտանգության ուժեր են կենտրոնացվել Գյումրիի դրամատիկական թատրոնի շրջակայքում եւ կենտրոնական հրապարակում։ Տարածքի բնակելի շենքերի բնակիչները մեր թղթակցին պատմել են, որ ոստիկանները նրանց հրահանգել են կիրակի եւ երկուշաբթի ոչ մի հյուր չընդունել, իսկ երկուշաբթի մնալ տներում, պատուհանները չբացել անվտանգության նկատառումով, քանի որ ՌԴ-ից ժամանած անվտանգության ուժերը հսկում են ամբողջ տարածքը եւ արդեն ճանաչում են բոլոր բնակիչներին դեմքով։

Դպրոցների ուսուցիչներին ու բարձր դասարանցիների, սպորտդպրոցների, հիվանդանոցների, եւ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր հիմնարկների աշխատակիցներին, որոնց նախապես հրահանգել էին այսօր ժամը 1։30 հավաքվել Գյումրիի կենտրոնական հրապարակում, այսօր առավոտ քաղաքապետարանից ասել են, որ պլանները փոխվել են եւ հրահանգել են մնալ տներում։

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ զոդվել են օդանավակայանից քաղաքի կենտրոն տանող ճանապարհների բոլոր դիտահորերը։ Քաղաքով մեկ տեղադրված են Հայաստանի եւ Ռուսաստանի դրոշները։

Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 2-ին պետական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Այցի շրջանակում նախագահներ Սարգսյանն ու Պուտինը Գյումրի քաղաքում և մայրաքաղաք Երևանում կմասնակցեն մի շարք միջոցառումների, այդ թվում՝ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին, կայցելեն Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան:

Երևանում՝ նախագահական նստավայրում, կկայանան երկկողմ բանակցություններ: Կողմերը կքննարկեն Նախագահ Սերժ Սարգսյանի՝ ս.թ. սեպտեմբերի 3-ին ՌԴ կատարած այցի ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, մտքեր կփոխանակեն նաև Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների և հետագա քայլերի շուրջ: Կստորագրվեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու համագործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր: