Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի արվարձանում հինգհարկանի շենք է փլուզվել: Շենքում շինարարական աշխատանքներ էին ընթանում, եւ փլուզման պահին այնտեղ բնակիչներ չեն եղել, իսկ 13 շինարարները դրսում են գտնվել եւ չեն տուժել:  Միաժամանակ տեղի հրշեջ-ծառայությունը հայտնել է, որ փլատակների տակ կարող է մեկ մարդ լինել:

Շենքի փլատակներն ուսումնասիրում են արտակարգ ծառայությունների շուրջ 70 աշխատակիցներ եւ հատուկ վարժեցված շները: Փլուզված շենքի հարեւանությամբ գտնվող շենքի բնակիչները նախազգուշության նկատառումներով տարհանվել են, հայտնում է «lenta.ru»-ն` վկայակոչելով AFP-ն:

Նոյեմբերի 27-ին Սան Պաուլուում տեղի էր ունեցել  «Արենա դե Կորինտիաս» մարզադաշտի մասնակի փլուզում, որը կառուցվում էր 2014թ. աշխարհի ֆուտբոլի առաջնության համար: Փլատակների տակ զոհվել էին երեք բանվորներ: 2013թ. օգոստոսին Սան Պաուլուում կառուցվող շենքի փլուզման հետեւանքով զոհվել էր 10 մարդ: