Armenia Today կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Հատուկ քննչական ծառայությունում ներկայացրել են արձանագրություն՝ կեղծ մատնության վերաբերյալ, սակայն Կիվիրյանն ու նրա փաստաբան Լուսինե Սահակյանը հրաժարվել են ծանոթանալ արձանագրությանը կամ ստորագրել այն: Այս մասին ՀՔԾ-ից դուրս գալուց հետո լրագրողներին հայտնել է Արգիշտի Կիվիրյանը. «Մեզ համար արդեն զավեշտալի է շարունակել այս աբսուրդին մասնակցելը: Չգիտենք՝ նախաքննությունն այսքանով կավարտվի՞, թե՞ կշարունակվի»:

Արգիշտի Կիվիրյանին արդեն երկրորդ անգամ են կանչում լրացուցիչ քննության. նոյեմբերի 28-ին նրան հայտնել էին, որ նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է դատարան: Սակայն դեկտեմբերի 23-ի երեկոյան Կիվիրյանին նորից են ծանուցում ուղարկել. «Ձեր վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատախազին ուղարկելուց հետո ցուցումներով վերադարձվել է լրացուցիչ քննություն կատարելու համար: Ուստի ձեզ անհրաժեշտ է ներկայանալ ՀՔԾ՝ համապատասխան դատավարական գործողությանը մասնակցելու նպատակով»,- նշված է ծանուցման մեջ: Կիվիրյանի խոսքով՝ ակնհայտ է, որ այս գործը քննվել է միայն գլխավոր դատախազի և Բաղրամյան 26-ի ուղղակի ցուցումներով:

Հիշեցնենք, որ 2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեից բերման ենթարկված Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում, եւ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ սուտ մատնություն։