81-ամյա Հակոբ պապը երկու տարի առաջ Սիրիայի Հալեպ քաղաքից հայրենիք վերադարձավ, բայց ընտանիքի ջերմ մթնոլորտի փոխարեն հայտնվեց Նորքի տուն-ինտերնատում։ Չորս զավակների հայրը երկու դուստր ու երկու որդի ունի: Հիշում է՝ ինչպես է դաստիարակել նրանց. «Առաջ հայրենասիրություն սովրեցու իրենց»։

Հակոբ պապի չորս զավակներից միայն մի դուստրն է ապրում Հայաստանում: Սիրիայի պատերազմը սկսվելուն պես Հակոբ պապը հայրենիք է եկել՝ դստեր մոտ: Որդիները քրոջը գումար են ուղարկել, որ հոր համար Երևանում բնակարան գնի։ «Զավակներս ամեն մեկը մի կողմ ցրվել են: Ես ալ մենակ մնացի: Տղաներս մեծ աղջկաս ասացին՝ մենք քեզի դրամ կուտանք: Պապաս Հայաստանի համար շատ հոգի տվեր է: Պապայիս վերջին կյանքերը թող Հայաստանի մեջ անցնի: Դրամը տվինք, աղջկաս ամեն բան տվինք: Աղջիկս փոխանակ Երևանեն տուն առնելուն՝ գնաց Օշականեն տուն առավ, տունն ալ իրեն անունին վրա գրեց: Պապա, ըսավ, դուն էստեղ գործ չունիս: Տեսա, որ աղջիկս է, ինչ ընենք: Մեզ էստեղ բերին, տուն տեղ չունեցողներիս»,- պատմեց Հակոբ պապը: Արդեն մեկ տարի է, ինչ Հակոբ պապը ծերանոցում է։ Գրի է առնում իր կյանքի պատմությունը, արդեն երկրորդ հատորն է վերջացնում։ Ցավում է, որ ստիպված է ապրել չորս զավակներից ու թոռներից հեռու, ապրում է մանկության ու երիտասարդ տարիների հիշողություններով ու դպրոցում սովորած հայրենասիրության դասերով. «Ճիշտ, ոնց մեր ուսուցիչները սովրեցրել են ժամանակին. ան որ հայրենիքը չի սիրե, ուրեմն ապերախտ մեկն է՝ իր ծնողքը չի սիրե»։