Հունվարի 10-ին դեպի ԱԱԾ շարժվող՝ Շանթ Հարությունյանի եւ մյուս քաղբանտարկյալների պաշտպանության երթի մասնակիցները Նալբանդյան փողոցն անցնելիս կանգնել են երթեւեկելի գոտում եւ փակել ճանապարհը (ֆոտոռեպորտաժ)։
Ոստիկաններից մեկը հրահանգել է. «Բրթեք սրանց, հանեք ստեղից», եւ ոստիկանները հրելով փողոցից դուրս են հանել ակցիայի մասնակիցներին, մի աղջիկ ընկել է գետնին։ Երթի մասնակիցները անցել են ԱԱԾ շենքի կողքով, մի պահ կանգնել եւ գոռացել «պուտինկեք, պուտինկեք» ու շարժվել առաջ։
Երթի մասնակիցները շարժվել են դեպի Հայ ռուսական բարեկամության հուշարձանի մոտ, որտեղ վանկարկել են՝ «ոխերիմ բարեկամ, ոխերիմ բարեկամ»։
«Ռուսաստանը շարունակում է ստալինյան ռեժիմը, հայտարարում են, թե բարեկամ են, բայց Ադրբեջանին զենք են վաճառում, դա այն դեպքում, երբ Ադրբեջանը ամեն օր հայտարարում է որ մեր դեմ պատերազմ է սկսելու»,- բարձրախոսով հայտարարել է երթի մասնակիցներից մեկը։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











