Նախախորհրդարանը դեկտեմբերի 11-ին «Հիմնադիր խորհրդարանի» վերաբերյալ հերթական իրազեկման երթին կառավարությունից պահանջեց տեր կանգնել Սիրիայում մեր հայրենակիցներին:

«Եղեռնից մազապուրծ եղած մեր հայրենակիցները, որոնք ապաստան էին գտել Սիրիայում, այսօր ենթարկվում են նույն բռնության, կրոնափոխության վտանգին: Այն մարդիկ, որոնք դիմադրում են, սպանվում են հենց հավատի պատճառով: Այնինչ ոչ սփյուռքի նախարարությունը, ոչ արտաքին գործերի նախարարությունը չեն արձագանքում մեր հայրենակիցների հետ կատարվող դեպքերին: Պահանջում ենք անհապաղ տեր կանգնել մեր հայրենակիցներին»,- մինչեւ երթը սկսելը հայտարարեց «Նախախորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանը՝ նշելով, որ այս հարցի վերաբերյալ կառավարության լռությունը վկայում է այն մասին, որ մենք պետություն չունենք:

Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը NEWS.am-ին ասաց, որ իրազեկման երթերի արդյունքում «Նախախորհրդարանի» աջակիցների թիվն ավելացել է: Երթի մասնակիցներն Ազատության հրապարակից «Վերջ ազգուրաց վարչախմբին», «Նոր խորհրդարան, նոր իշխանություն», «Պայքարը կյանք է, լռությունը՝մահ» պաստառներով շրջեցին Երևանի փողոցներով: