Եթե կյանքում կան պահեր, երբ ինքդ քեզ նախանձում ես…

Եթե դեռ հնարավոր են հանդիպումներ, որոնք կարող են քեզ ոգեւորել…

Ապա այդ պահը եկել է, եւ այդ հանդիպումը տեղի ունեցավ մայիսի 12-ին, ժամը 19:30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Երբ բարձրանում ես կենտրոնական մուտքի մոտ, ետեւում են մնում հորդառատ անձրեւը, փակ ճանապարհները, զրահապատ մեքենաները, երբ ուզում ես դուրս գալ ու բղավել, թե որտեղից ես ուշանում:

Եվ ահա դահլիճում՝ գրպանում պահելով տոմսը, հանկարծ տեսնում ես աշխարհիս մեծամեծերին:

Սեւ տաբատներով եւ ճերմակ վերնաշապիկներով՝ նստած են նրանք՝ շրջապատված թիկնապահներով: Այդ պահին հասկանում ես, որ երաժշտությունից բացի ձեզ ոչինչ այլեւս չի միավորում:

Դահլիճում ազատ տեղ չկա, բայց մարդիկ շարունակում են գալ: Հանդիստեսի տարիքն ապացուցում էր, իրական տաղանդի գնահատողների համար տարիքային սահմանափակում չկա:

Լրագրողները, հեռուստատեսությունը, հանդիսատեսը՝ բոլորն անհամբեր սպասում են մեկ մարդու: Սակայն հայտնվում են Ինգա ու Անուշ Արշակյանները, կատարում են Կոմիտասի ստեղծագործություններից մեկն ու հեռանում:

Լույսը մարում է. տիրում է քար լռություն:

Բեմ է բարձրանում 1922թ.-ին Ֆրանսիա տեղափոխված հայ ներգաղթյալների ընտանիքում ծնված աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը:

Ցածրահասակ, ճկուն՝ նա կարծես ոչ թե քայլում է, այլ հազիվ դիպչում է հատակին:

Իրեն բնորոշ համեստությամբ եւ ազնվականությամբ նա դիմում է հանդիսատեսին հայերենով, հետո անցնում է ֆրանսերենի, ողջունում նախագահներ Սերժ Սարգսյանին եւ Ֆրանսուա Օլանդին:

Մի քանի րոպե անց դահլիճում բացարձակ լռություն է, հնչում է առաջին մեղեդին: Ազնավուրը գրեթե մոռացել է, որ կանգնած է հազարավոր հանդիսատեսների առաջ:

Երաժիշտները մի փոքր ցածրաձայն են նվագում, ստեղծվում է փարիզյան փողոցներին բնորոշ մեղմ ու ներդաշնակ մթնոլորտ:

Ազնավուրի ձայնն անկրկնելի է: Միավորվում են ֆրանսիական մեղմությունն ու հայկական տխրությունը:

«Ave Maria»-ից հետո արտիստը ներկայացնում է երաժիշտներին, համերգը շարունակվում է: Հնչում է «Les deux Guitares»-ը: Ակնթարթորեն անցնում է կսկիծը, Ազնավուրը արտիստիկ պարային շարժումներ է կատարում:

Աստիճանաբար նվագակցումը նվազում է, նկատելի է թախծոտ ժպիտը, ձեռքի յուրահատուկ թափահարումն ու մարմնի պտույտը… «La Boheme». Հանդիսատեսը ձայնակցում է: Ազնավուրի եւ հանդիսատեսի հուզիչ միասնություն: Սովորության համաձայն վերջում նա նետում է իր սպիտակ թաշկինակը:

Նա խոսում է աչքերով: Ամեն մի երգ փոքր ներկայացում է, որի ավարտն անկանխատեսելի է:

Մի քանի րոպե անց Ազնավուրը հրաժեշտի շարժում է կատարում, հեռանում է բեմից՝ թողնելով չերգված երգերի օդում կախված նոտաներ: Դահլիճը հոտնկայս ծափահարում է:

Ի՞նչ էր սա: Համե՞րգ: Ներկայացո՞ւմ:

Ազնավուրի ստեղծագործություններին տարբեր կերպ կարող ենք վերաբերել: Սակայն այն, որ տարիներ շարունակ գտնվելով  բեմին, նա գտել է իր թեման, իր հերոսին եւ իրեն բնորոշ կատարումը, որը ոչինչի հետ հնարավոր չէ շփոթել, խոսում է նրա տաղանդի մասին: Նաեւ այն մասին, որ Շառլ Ազնավուրը պարզապես արտիստ չէ, նա 89 տարի տեւողությամբ պատմություն է:

Եթե աշխարհում կան անավարտ պատմություններ, թող սա դրանցից մեկը դառնա…

Եվա Իշխանյան