Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է 2014թ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում, իսկ մինչ այդ 4 տարի աշխատել է իր ատենախոսության վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Նա պարզաբանեց, որ ատենախոսությունը «Սյունիքի պետական կառավարումը վաղ անցյալից մինչեւ մեր օրերը» թեմայով էր, պաշտպանությունը երաշխավորել էր Գորիսի պետական համալսարանի գիտական խորհուրդը, ընդդիմախոսը՝ պրոֆեսոր Համլետ Գեւորգյանն է: Սուրիկ Խաչատրյանի պաշտպանությունը իրականացվել է Միջազգային տեղեկատվայնացման կանադական ակադեմիայում, ստացել է ոչ թե պատմափիլիսոփայական, այլ փիլիսոփայության դոկտորի աստիճան: «Իմ երկրի պատմությունն ու կառավարումն եմ գրել մինչեւ էսօր՝ մեր օրերը, հիմա ես ո՞ւմ եմ հաշվետու, 10-15 լրագրողի նստած էին Գորիսում քաղաքապետի ընտրություններին, ասացի մի տող Բակունցից, Համո Սահյանից կամ Սեւակից ասեք, չկարողացան, հիմա էսօր նրանք պետք է խոսեն, թե ես որտեղ եմ պաշտպանել, ինչ եմ պաշտպանել, ես պատմությունն եմ գրել իմ երկրի, իմ Սյունիքի վաղ անցյալից մինչեւ էսօր, կարող եմ գիրքը տալ, թող կարդան, գոնե մի բան հասկանան Սյունիքից»,-ասաց մարզպետը: