Վարչապետ՝ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումը «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների համար հուսադրող չի եղել: Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, վարչապետի հետ հանդիպումից հետո ասաց «Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը:

«Հիմա դատական պրոցես է գնում ռուսական միջպետական բանկի հետ «Նաիրիտի» ակցիաները հետ բերելու համար: Իրենք ասում են, որ միայն ակցիաները հետ բերելուց հետո կարող են ասել, թե երբ են մարելու »,- կառավարության առջեւ հավաքված նաիրիտցիներին ասաց հանդիպմանը մասնակցած՝ գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը՝ ավելացնելով, որ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ աշխատողները դեկտեմբերի 15-ին կստանան մեկ ամսվա աշխատավարձ, իսկ դեկտեմբերի 20-ին կամ 25-ին, կամ մինչեւ հունվարի 15-ը՝ եւս մեկ ամսվա աշխատավարձ:

Գործարանի արհմիության նախագահը նշեց նաեւ, որ վարչապետի, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի հետ զրույցում վերջինների բարձրացրած հիմնական հարցը եղել է այն, որ գործարանը չի աշխատել, իսկ մարդկանց շարունակել են աշխատավարձ վճարել:

«Վարչապետի եւ նախարարի մոտ ամեն մի հարց ու պատասխանի ժամանակ հստակ մի գիծ էր տարվում՝ չաշխատող գործարանում ինչ իրավունքով են 4 տարի աշխատավարձ տվել, գումարած նաեւ բարձր աշխատավարձ»,- ասաց Հրաչ Թադեւոսյանը:

Հրաչ Թադեւոսյանի խոսքով՝ իրենց հաջորդ քայլերը որոշելու համար երկուշաբթի կրկին հավաքվելու են գործարանի բակում։

«Կստեղծենք խորհուրդ, անունն էլ կդնենք ճգնաժամային, եւ այդ խորհուրդը կորոշի մեր հետագա անելիքները»,- ասաց Հրաչ Թադեւոսյանը:

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին 18 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք օրեր շարունակ հավաքվել են Կառավարության մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում: