Տիկին Վարվարան ամուսնու Վլադիմիր Արությունովի հետ ծնվել են Բաքվում եւ արմատական զոկեր են ( Ագուլիս քաղաքում և նրա շրջակա գյուղերում ապրող հայերին էին անվանում):

«Ես հիշում եմ, երբ ես դեռ փոքր էի, պապաս մամայիս ասում էր, որ մենք ոչ մեկին չասենք, որ մենք զոկեր ենք, քանի որ նա ամաչում էր դրանից»,- հիշում է Վարվարա տատիկը:

Տիկին Վարվարան մասնագիտությամբ բուժակ է եւ դեռ երիտասարդ տարիքում՝ աշխատելով կառավարական հիվանդանացում, սպասարկել է ադրբեջանցի պաշտոնյաներին:

«Ես Բաքվի կառավարական հիվանդանոցում ավագ բուժքույր էի աշխատում, իմ հաճախորդներից էին Հեյդար Ալիեւը, քաղաքական գործիչ Աբդուլրախման  Վեզիրովը, Ադրբեջանի նախագահ (1992—1993)  Աբդուլֆազ Էլչիբեյը, իսկ հրահանգներ էր մեզ տալիս հայտնի սրտաբան Եվգենի Չազովը: Իսկ ամուսինս՝ Վլադիմիրը,  դերձակ էր: Նրա կարած վերարկուն Ադրբեջանում տեղի ունեցած ցուցահանդեսում զբաղեցրել էր առաջին տեղը»,- պատմում է Վարվարա Արյությունովան:

Երբ Ադրբեջանում հայերի նկատմամբ սկսվեցին ջարդերը տիկին Վարվարան ամուսնու հետ տեղափոխվում է Հայաստան, մի որոշ ժամանակ ապրում Երեւանում, հետո մեկնում՝ Ռուսաստան:

«Երբ ադրբեջանցիները մեր դեմ սկսեցին հալածանքները 1989-ից սկսած, նրանք ովքեր ջերմ էին, մեզ բարեւում էին, համբուրում հանկարծ իրենց համար մենք դարձանք թշնամիներ: Ստիպված տեղափոխվեցին Երեւան, 15-րդ թաղամասում բնակարան գնեցինք, ապրում էինք: Սակայն ծանր վիճակից ելնելով՝ մեկնեցինք Ռուսաստան՝ Ստավրոպոլ քաղաք, որտեղ մի քանի ամիս մնալուց հետո գնացինք Իսրայել՝ աղջկաս Նելլայի մոտ»,- պատմում է Վարվարա տատիկը:

Իսրայելում Վարվարա եւ Վլադիմիր Արությունովները ապրել են 8 տարի, հետո մեծ աղջկա ծանր հիվանդության պատճառով վերադարձել Հայաստան:

«Իսրայելում հանգստանում էինք աղջկաս մոտ, Աբովյանում մեծ աղջկանիցս՝ Տատյանայից լուր ստացանք, որ հիվանդանոցում է եւ ծանր վիրահատություն է տարել: Աղջկաս հետ խոսեցի, ասեց, որ ամուսինը Սերգեյը խմում է, չի կարողանում հիվանդանոցի ծախսերը վճարել, խմած գալիս է հիվանդանոց, վիրաբույժը դուրս է հանում նրան: Եվ ես ամուսնուս ասեցի, որ հավաքվենք, գնանք նրա մոտ»,- պատմում է Վարվարա տատիկը նշելով, որ դա իրականում սխալ քայլ էր, քանի որ գիտեին, որ փեսան հարբեցող է եւ վստահ էին, որ երկար չէին կարողանալու ապրել նրանց տանը:

Մեծ աղջկա տանը Արությունով ամուսինները ապրում են ընդամենը 7 ամիս, հետո որոշում տեղափոխվել ծերանոց:

«Նրա տունը շատ փոքրիկ էր, երկու մեծ աղջիկ ուներ: Երբ աղջկաս հիվանդանոցից բերեցինք տուն, ոչինչ չկար, գազավիկացրինք բնակարանը, եւ ամեն հնարավորը արեցինք, ինչ կարող էինք եւ մնացինք առանց գումարի: Սերգեյը ահավոր խմում էր, եւ ամուսինս ասաց, որ այլեւ չի կարողանում մնալ այդ տանը: Ստիպված ասեցի, արի գնանք ծերանոց եւ այդպես հայտնվեցինք այստեղ»,- պատմեց տիկին Վարվարան՝ նշելով, որ մեծ գումարներ չծախսելու համար մերժել են աղջկա տուն վարձակալելու առաջարկը:

Ծերանոցում Արությունով ամուսինները հասցրել են միասին նշել ոսկե ամուսնությունը, որից հետո Վլադիմիր Արությունովը ծանր հիվանդության պատճառով մահացել է 80 տարեկանում:

«Ծերանոցում մեզ սենյակ տրամադրեցին, հասցրեցինք ամուսնուս 80 ամյակը տոնել, նշել նաեւ մեր ամուսնության 50 ամյակը, որից հետո նրա մոտ թոքերի քաղցկեղ հայտնաբերվեց եւ նա հեռացավ ինձանից: Ինձ համար իրոք դժվար էր, քանի որ նա ինձ աջակցում էր ամեն հարցում, խոսում իմ փոխարեն, քանի որ ես հայերեն չգիտեմ»,- պատմեց Վարվարա Արությունովան՝ նշելով, որ այժմ սպասում է իր արտերկրի անձնագրին, որպեսզի կարողանա մեկնել Իսրայել՝աղջկա մոտ: