2013թ. դեկտեմբերի 10-ին Հայաստանի ՊՆ N զորամասում ինքնասպան եղած զինծառայող, Չինարի գյուղի բնակիչ, շարքային Վանիչկա Հովակիմյանի գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված, դասակի հրամանատար Արման Մուրադյանի հարազատները պնդում են, որ Արմանն անմեղ է, եւ անարդար է նրան 3 տարվա ազատազրկման դատապարտել։
«Նախաքննության արդյունքներով պարզվել է, որ Արման Մուրադյանը ընդհանրապես ոչ մի կապ չունի այդ պատմության հետ, բայց հետո հոդվածը չգիտես ինչի փոխվեց 375-ի 2-րդ մասի։ Արմանը 30 րոպե առաջ էր լսել հեռախոսի դեպքի մասին եւ ի՞նչ իմանար, որ այդքան ժամանակում հեռախոսի պատճառով կարող էր զինվորը ինքնասպան լիներ», - NEWS.am-ին ասաց Արման Մուրադյանի զոքանչը՝ Շարմաղ Հարությունյանը։
Կնոջ խոսքով՝ դեպքից հետո Արմանը որպես վկա է ներգրավված եղել գործում, սակայն Վանիչկայի հոր՝ Արամայիս Հովակիմյանի բողոքից հետո նրան ձերբակալել են։
«Դիմել ենք վարչապետին, հանրապետության նախագահին, պաշտպանության նախարարին, արդարադատության նախարարին, ռազմական դատախազին, բոլորը պատասխանել են, որ գործը քննվում, է եւ նրանք չեն կարող միջամտել»,- ասաց տիկին Շարմաղը։
Շարմաղ Հարությունյանը պատմեց, որ Արմանը երեք եւ չորս տարեկան երկու որդի ունի, որոնց ինքն է պահում. «Աղջիկս Արմանի ձերբակալության ժամանակ երկու ամսական հղի էր, այդ մտածմունքներից կորցրեց երեխային։ Արմանի հայրը հաշմանդամ է, 14 հոգանոց ընտանիք է, տեղ չկա ապրելու, նույնիսկ երեխաներին չեն կարող մանկապարտեզ ճանապարհել, ես եմ պահում, բայց չգիտեմ՝ նրանց ճակատագիրը ինչ է լինելու՝ որբանոց պիտի տանեն, ի՞նչ պիտի անեն»։
Կնոջ խոսքով՝ Արման Մուրադյանի կինը նամակ է գրել արդարադատության նախարարին, որ ամուսնուն ազատ արձակեն. «Նամակում աղջիկս նույնիսկ գրել է, որ այնպես մի արեք, որ Վանիչկայի ճակատագրին արժանանանք»։
Շարմաղ Հարությունյանը նաեւ նշեց, որ փեսան լավ ծառայության համար խրախուսանքների եւ պարգեւների է արժանացել։
Հիշեցնենք, որ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանը գործով մեղադրվող, 20-ամյա Շմավոն Կուրեխյանին դատապարտել է 7 տարվա, 21-ամյա Պարույր Մկրտչյանին՝ 5 տարի 6 ամիս, 29-ամյա Արման Մուրադյանին՝ 3 տարվա ազատազրկման։ 20-ամյա Նարեկ Միտոյանին դատարանը նշանակել է պայմանական պատիժ։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով: Ինքնասպանությունից առաջ Վանիչկան զանգահարել էր հորն ու ասել, որ իրենց այլեւս չեն տեսնի։ Դեկտեմբերի 12-ին գտել են նրա թողած գրությունը. Վանիչկան գրել էր, որ ինքնասպանություն է գործում հեռախոսի պատճառով, որն ինչ-որ մեկը գողացել է, սակայն գողության մեջ իրեն են մեղադրում։











