Նոյեմբերի 5-ի գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում ոստիկանների ուղղությամբ կրակած 31-ամյա Հայկ Կյուրեղյանը չի զղջում իր արարքի համար։ NEWS.am-ի հետ զրույցում Հայկի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, պատմեց, որ Հայկն իր արարքը մեկնաբանում է նրանով, որ ինքը դուրս է եկել արդարադատության սխալ համակարգի դեմ, քանի որ կարծում է՝ չի կարելի մարդկանց դատել փողոց դուրս գալու եւ իրենց կարծիքն ազատ արտահայտելու համար։

«Հայկը երբեք անտարբեր չի եղել անարդարությունների հանդեպ, գլուխը չի կախել եւ անցել, այլ փորձել է արդարություն հաստատել։ Շանթի դեպքի հետ կապված Հայկի մոտ ձեւավորված վերաբերմունք կար, որ քննությունը սխալ է ընթանում, անարդար է, սակայն մենք չգիտեինք, որ Հայկն իր վերաբերմունքը նման կերպ կարտահայտի,  չնայած երեւի թե ճիշտ այն է, որ մարդն արտահայտի իր բողոքը, թե չէ տներում նստած մենք չենք փոխի ոչինչ մեր կյանքում։ Հայկն այդ ակցիան կատարեց նրա համար, որ ինչ-որ բան փոխի մեր կյանքում դեպի լավը։ Նա դա արել է հանուն արդարության, հանուն հայրենիքի, հանուն հայ ժողովրդի եւ հանուն բոլորիս: Հայկն իր ազատությունն է զոհաբերել հանուն բոլորիս»,-ասաց  Արմենակ Կյուրեղյանը։

Հայկ Կյուրեղյանի հայրը պատմեց, որ երեխա ժամանակ Հայկը սիրել է  ֆուտբոլ խաղալ, սպորտով զբաղվել, գրքեր կարդալ. «Հայկը դպրոցում լավ է սովորել, հաճախել է մաթեմատիկական դպրոց, որից հետո ընդունվել է Պոլիտեխնիկական ինստիտուտ, հետո գնացել է բանակ, ծառայությունից հետո էլ աշխատել է տարբեր ընկերություններում՝ որպես վեբ ծրագրավորող: Դրանից հետո ցանկություն ուներ ընկերների հետ ծրագրավորման ընկերություն բացել, եւ այդ դեպքը տեղի ունեցավ»։

Հոր խոսքով՝ իրենք դեպքի մասին տեղեկացել են համացանցից. «Այդ պահին ես դեռ ոչ մի բան չգիտեի, միայն որպես ծնող անհանգստանում էի որդուս համար, իսկ հետագայում զրուցելով նրա հետ՝ հասկացա, թե ինչի համար է նա այդ քայլը կատարել։ Մենք բոլորս սատարում ենք նրան»։

Հոր կարծիքով՝ որդուն առաջադրված մեղադրանքը համարժեք չէ. «Եթե նայում ենք դատավարությունների խրոնիկան՝ ում ինչքան են տալիս, ինչի համար են տալիս, ապա պարզ երեւում է, որ դա քաղաքական հրահանգ է՝ ամենախիստ պատիժը տալ այն մարդուն, որը դեմ է դուրս եկել համակարգին։ Կարծում եմ, որ բնականաբար դա համարժեք չի»:

Արմենակ Կյուրեղյանի կարծիքով` Հայկի պատժամիջոցը խիստ կլինի, բայց դա նաեւ կախված կլինի քաղաքացիների ակտիվությունից. «Համոզված եմ, որ արդար դատաքննություն որդուս գործով չի լինելու, բայց արդարություն մի օր հաստատվելու է Հայաստանում։ Չէի սպասում, որ որդիս կալանավայրում կհայտնվի, բայց հիմա սպասում եմ նրան, որ բոլորս էլ կարող ենք հայտնվել կալանավայրում»։

Արմենակ Կյուրեղյանի կարծիքով` երկրում ինչ-որ բան փոխելու համար պետք է արժեքային համակարգը փոխվի. «Մարդիկ պետք է դավանեն բարձր, վեհ արժեքներ. այն ժողովուրդը, որը դավանում է վեհ արժեքներ, անհաղթելի է, եւ Շանթի, Հայկի եւ մյուսների արածի նպատակը դա է, որպեսզի մարդկանց մեջ արժեքների հեղափոխություն կատարվի, որպեսզի մարդիկ հասկանան՝ ինչ պետք է զոհաբերել, որ իրենց երկրում նորմալ, արժանապատիվ կերպով կարողանան ապրել»։

Հայկ Կյուրեղյանի հայրը հույս ունի, որ որդու արարքն իզուր չի անցնի. «Գալու են նորմալ, լավ ժամանակներ, որ հայ ժողովուրդը կապրի արժանապատիվ ձեւով, եւ արժեքների հեղափոխությունը իր նպատակին կհասնի»:

Արմենակ Կյուրեղյանը Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին մաղթեց ազատություն եւ կամք. «Թող նրանք իմանան, որ շատ մարդիկ ճիշտ են համարում նրանց, եւ նրանց կողքին են»: