Վարդան Պետրոսյանի ընկեր, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, խմբավար Տիգրան Հեքեքյանը այսօր՝ հունվարի 29-ին, դերասանի դատավճռի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանի արդարադատությունը տխուր տպավորություն է թողնում իր վրա։

«Շատ տխուր տպավորություն ունեմ մեր արդարադատություն մասին։ Ամենաշատը չեմ ընդունում, որ մարդու մեղավորությունը դեռ չապացուցած կալանավորում են նրան։ Անմեղության կանխավարկածի բացակայությունը մեր երկրում ինձ համար ուղղակի անընդունելի է։ Եթե մարդը մեղավոր է, նա անշուշտ կկրի իր պատիժը, բայց միանգամից կալանավորումը անթույլատրելի է»,- ասաց Տիգրան Հեքեքյանը։

Հեքեքյանի կարծիքով՝ Վարդան Պետրոսյանի դատավարության ընթացքում լուրջ փաստեր են անտեսվել։

«Դատական ամբողջ պրոցեսում շատ զավեշտալի բաներ են տեղի ունեցել, որովհետեւ լուրջ փաստարկները ոչ թե վերլուծվել են, այլ ուղղակի անտեսվել են, ասել են՝ մանրուք է։ Դատաիրավական համակարգում ոչ մի բան մանրուք չէ։ Բայց այդպես էլ դատարանը պատասխան չտվեց՝ արդյոք Վարդան Պետրոսյանը մեղավոր է, թե ոչ։ Տհաճ էր լսել, թե ինչ կամայական են վարվել քննիչները։ Որքա՞ն պետք է ուժային կառույցները, դատաիրավական կառույցները այսպես քմահաճ իրենց դրսեւորեն, կապ չունի՝ ում հետ, լինի Վարդանը, ես, կամ մեկ ուրիշը»,-ասաց նա։

Պրոֆեսորը նշեց, որ Վարդան Պետրոսյանի համար ամենամեծ պատիժը երկու զոհերն էին՝ հույս հայտնելով, որ շուտով Հայաստանում եւս արդարադատություն կհաստատվի։

«Վարդանի հետ ես սովորել եմ, գիտեմ՝ ինքն ինչ հոգու տեր, ինչ նրբազգաց անձնավորություն է։ Ինքը բազմիցս ասել է, որ իր համար ամենամեծ պատիժը այն զոհերն են, որ ամբողջ կյանքում իր հետ կապրեն։ Պետությունը կայանում է, հույս ունեմ՝ կամաց-կամաց կկայանան նաեւ արդարադատությունը եւ անմեղության կանխավարկածը, որի իրավունքն ամեն մարդ ունի»,- եզրափակեց Տիգրան Հեքեքյան։

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը Վարդան Պետրոսյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ», եւ դատապարտեց ազատազրկման՝ 5 տարի ժամկետով՝ 2 տարով զրկելով մեքենա վարելու իրավունքից՝ նրա դեմ կիրառված խափանման միջոց կալանքը թողնելով անփոփոխ։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ Էդվարդ եւ Էդգար Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: