Նոր Զելանդիայում աճուրդի է հանվել Subaru Impreza ավտոմեքենա, որն ընդամենը 600 դոլար արժե: Սակայն հետաքրքիր է ոչ թե մոդելի գինը, այլ դրա հնարավորությունները:
Ըստ Newsru-ի, ավտոմեքենայի նախորդ տերը մոխրագույն հեչբեկը երկկենցաղի է վերածել: Նշվում է, որ մեքենան 1.000 կմ-ից էլ պակաս վազք ունի: Հայտնի է նաեւ, որ մոդելը 2.0 լիտրանոց բենզինե շարժիչ ունի՝ մեխանիկական փոխանցման տուփով: Ջրի վրա շարժիչը ժամում 7-ից 10 լիտր վառելիք է օգտագործում՝ կախված ռեժիմից:
Վաճառողի խոսքով, մոդելը կարող է մրցել սովորական նավակի հետ եւ տրամադրվում է բոլոր հարմարություններով, որը կարելի է գտնել սովորական ավտոմեքենայում կամ շքեղ մոտորանավակում: Subaru Impreza երկկենցաղի վերաձեւավորման համար մի քանի ամիս է ծախսվել: Ավտոմեքենայի տերը վստահ է, որ իր ստեղծած մոդելը հարմար կլինի ձկնորսության կամ ջրի վրա ընտանեկան զբոսանքի համար:











