Ոստիկաններն այս պահին կանգնեցրել են Բաղրամյան պողոտայի ամբողջ շարժը, աշխատանքի գնացող քաղաքացիներին թույլ են տալիս անցնել միայն համապատասխան փաստաթուղթ ներկայացնելու դեպքում (ֆոտոռեպորտաժ):
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Սահմանադրական դատարանից ներքեւ կուտակումներ են, քաղաքացիները փորձում են ոստիկաներին համոզել, որ իրենք կամ աշխատանքի են գնում կամ տուն, սակայն ոստիկանները նրանց հորդորում են այլընտրանքային ճանապարհ գտնել:
NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչ պատճառով են արգելում քաղաքացիների տեղաշարժը, ոստիկաները չպատասխանեցին եւ միմյանց հորդորեցին կոնտակտի մեջ չմտնել լրագրողների հետ:
Նշենք, որ արդեն մոտ 15 ժամ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարները չեն հեռանում Բաղրամյան պողոտայից։
Չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին» նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են ցույցը, ապա բերման ենթարկել ակտիվիստների եւ լրագրողների: Նույն օրը երեկոյան ժամը 20։00–ի մոտ ցուցարարները կրկին Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի Բաղրամյան 26։ Ոստիկանները կրկին փակեցին նրանց ճանապարհը։ Կեսգիշերից հետո ցուցարարներին աջակցություն հայտնելու եւ նրանց ու ոստիկանների միջեւ կենդանի պատ կազմելու նպատակով բաղրամյան պողոտա եկան պատգամավորներն ու շոու բիզնեսի աստղերը։ Նրանց մի մասը լուսացրել է Բաղրամյան պողոտայում։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:











