Գյումրիում, չնայած հորդառատ անձրեւին, շարունակվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիան՝ ի աջակցություն Երեւանում անցկացվող նստացույցի: (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am-ի Գյումրիի թղթակիցը հաղորդում է, որ մոտ 100-ից ավելի գյումրեցի ցուցարարներ երթով Թատերական հրապարակից գնացին Վերածննդի  պուրակ եւ հետ վերադարձան Թատերական հրապարակ:

Երթի ընթացքում ցուցարարները բացականչում էին «Վերջ թանկացմանը», «Էլ չի լինելու թանկացում», «Հերիք է թանկացմանը»:

Ցուցարարները նաեւ իրենց հետ բերել են «Չենք վճարելու», «Գյումրի, զարթնի», «Ոչ թալանին» «Կասեցում» եւ այլ գրությամբ պաստառներ:

Այս պահին ցուցարարներ քոչարի են պարում, ասմունքում են ու երգում:

Ցուցարարների խոսքով՝ իրենք նստացույցը կշարունակեն այնքան ժամանակ մինչեւ մայրաքաղաքում որեւէ բան  կորոշվի:

Նշենք, որ ակցիային բացի երիտասարդներից մասնակցում են նաեւ տարեց մարդիկ իրենց թոռների հետ:

Հիշեցնենք, որ Երեւանում ընթացող բողոքի ակցիաներին եւ նստացույցին զուգահեռ Գյումրիում նույնպես ակցիաներ են կազմակերպվել:

Նշենք, որ հունիսի 23-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: