Բաղրամյան պողոտայում նստացույցի մասնակիցներն այսօր իրենք են հավաքել աղբն ու տեղափոխել, քանի որ «Սանիտեք» ընկերության աղբատար մեքենան չի եկել: (ֆոտոռեպոտաժ)
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ակտիվիստներից Գրիգոր Ղահրամանյանը նշեց, որ իրենց այսօր չեն տրամադրել աղբահանության մեքենա:
«Երեկ լրագրողներից մեկը բարձրացել էր աղբահանության մեքենայի վրա, որից հետո նաեւ երեխաներ էին բարձրացել աղբատարի վրա, որից հետո մեզ հայտարարեցին, որ այլեւս մեքենան չի գա աղբը տանելու: Չգիտեմ, գուցե մտավախություն կա, որ մեքենան կարող ենք առգրավել, կամ էլ կարծում են, որ կարող ենք վնասել, բայց մենք նման ցանկություն չունենք: Ուղղակի երեկ չենք կարողացել զսպել երեխաներին, եւ նման դեպք է պատահել: Քաղաքապետարանից ասել են, որ անվտանգությունից ելնելով մեքենան չեն տրամադրում: Մենք էլ փորձեցինք մեր միջոցներով աղբը ցուցարարներից հեռու տանել, որպեսզի խաղաղ նստացույցը շարունակվի»,-ասաց նա:
Ցուցարարների կողմից աղբը ներքեւ իջեցնելուց հետո, ի վերջո, աղբատար մեքենան ժամանել է Բաղրամյան պողոտա: Ի վերջո, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ վաղվանից աղբատարը ժամանակին կլինի նստացույցի վայրում:
Հիշեցնենք, որ այս հարցը այսօր առավոտյան քննարկվել է նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, վերջինս խոստացել էր կարգավորել խնդեիրը:











