ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտային, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` իր պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում կրթության եւ գիտության ոլորտում հայ-ուկրաինական կապերի ամրապնդմանն ու զարգացմանն աջակցելու համար: Նախարարը գոհունակությամբ է ընդգծել, որ երկկողմանի կապերի ձեռքբերումներից մեկը Երեւանի թիվ 42 ավագ դպրոցում Տ. Շեւչենկոյի 200-ամյակին նվիրված դահլիճ-թանգարանի հանդիսավոր բացումն էր: Արմեն Աշոտյանը դեսպանին տեղեկացրել է, որ վերոնշյալ դպրոցը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության որոշմամբ ընդգրկվել է այն ուսումնական հաստատությունների ցանկում, որոնք այս տարի Համաշխարհային բանկի աջակցությամբ հիմնովին կվերանորոգվեն: Նախարարը շնորհակալություն է հայտնել Երեւանում կայացած Բոլոնիայի նախարարական գագաթաժողովին Ուկրաինայի կրթության եւ գիտության նախարարի գլխավորած պատվիրակությանը` գագաթաժողովի աշխատանքներին ակտիվ մասնակցության համար:
Դեսպանն իր հերթին երախտագիտություն է հայտնել համագործակցված ու արդյունավետ աշխատանքի համար ՝շեշտելով, որ իր համար մեծ բավականություն է եղել աշխատել Հայաստանում: Իվան Կուխտայի խոսքով` Շեւչենկոյի 200-ամյակին նվիրված դահլիճ-թանգարանի բացումն իրավամբ համարվում է հայ-ուկրաինական ջերմ հարաբերությունների ապացույցը:
Կողմերը քննարկել են նաեւ երկու երկրների միջեւ կապերի ամրապնդման հեռանկարները եւ նոր հնարավորությունները միջազգային կրթական հարթակներում, մասնավորապես, Արեւելյան Գործընկերության, ինչպես նաեւ Էրազմուս+ եւ Հորիզոն 2020 ծրագրերի շրջանակում: Կողմերը վստահություն են հայտնել, որ կրթության համակարգում հայ-ուկրաինական համագործակցությունը ունի զարգացման մեծ ներուժ, քանի որ երկու երկրների կրթական համակարգը գնում է միեւնույն` եվրոպական կրթական ստանդարտների համապատասխանեցման ճանապարհով, ուստի երկրներից մեկի կրթական բարեփոխումների արդյունավետ փորձը կարող է օգտակար լինել մյուսի համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ փոխադարձ համագործակցությանը վերաբերող այլ հարցերի:





























